ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ԱԶԳԱԿԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակչի կողմից ինքնաշեն հրազենի գործադրմամբ համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ հիշյալ բնակավայրի բնակիչ Ա.Պ.-ն, տեւական ժամանակ անձնական հարցերի պատճառով իր ազգական Կ.Պ.-ի հետ լինելով թշնամական հարաբերությունների մեջ, վերջինիս սպանելու նպատակով պատրաստել է ինքնաշեն՝ 12 մմ տրամաչափի որսորդական փամփուշտ կրակելուն հարմարեցված, մահակի մեջ քողարկված ատիպիկ հրազեն։

2023թ. հունիսի 3-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, վերցնելով հիշյալ ինքնաշեն հրազենը՝ Ա.Պ.-ն գնացել է Գեղհովիտ բնակավայրում գտնվող խանութի մերձակա տարածք, որտեղ կայանված վիճակում տեսել է Կ.Պ.-ի ավտոմեքենան: Հասկանալով, որ վերջինս խանութում է, մտել է ներս եւ Կ.Պ.-ին կանչել խանութի կողային հատվածում գտնվող սենյակ: Այնուհետեւ, իր ընտանիքի բարի համբավն արատավորելու հետեւանքով առաջացած վրեժի շարժառիթով, իր կողմից պատրաստված վերոնշյալ հրազենով Կ.Պ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ մեկ անգամ կրակել է վերջինիս ձախ ուսային հատվածին։ Կարծելով, թե Կ.Պ.-ն մահացել է, նա հրազենը թողել է դեպքի վայրում եւ հեռացել։ Կ.Պ.-ն՝ հրազենային վիրավորումով, տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Ա.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 336-րդ հոդվածի 1-ին մասով եւ 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

 

 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՈՐԴՈՒՆ ՍՊԱՍՎԵԼԻՔԸ

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկություններով՝ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով ուշագրավ զարգացումներ են:

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն կարճել է միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ քրեական հետապնդումը՝ արդարացման հիմքով: Փաստաբան Մարինե Ֆարմանյանը հաստատեց՝ նշելով, որ արդարացվել է իր պաշտպանյալը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով անցնում է նաեւ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանի որդին` Արեգ Վաղարշյանը:

Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նա ձերբակալվել է, ավել ուշ դատարանը Արեգ Վաղարշյանին ազատ էր արձակել:

Հիշեցնենք, որ տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթն անձամբ փորձել էր պարզել ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանից, ինչին ի պատասխան՝ նա ասել էր. «Իմ որդին իրականում այնտեղ ներկա է եղել, ինքը ականատես է։ Ես բոլոր պետական մարմիններին վստահում եմ, իրենք օբյեկտիվ քննություն կիրականացնեն, եւ դուք օբյեկտիվ ճշմարտությունը կիմանաք»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ուշագրավ իրավիճակ է եղել Աբովյան քաղաքի դատարանում։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատական նիստի ժամանակ Սեւան քաղաքի՝ 1971 թվականի ծնված բնակչի եւ Պռոշյան համայնքի մեկ այլ բնակչի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որը շարունակվել է նաեւ դատարանի բակում։

Դատարանից հեռանալուց հետո կողմերը Արզնու խճուղում կանգնեցնում են իրենց հակառակորդին ու թեժ ծեծկռտուք սկսում, որի ժամանակ դանակով հարվածում են միջադեպի մասնակիցներից մեկին։

Արզնու խճուղում երթեւեկությունը կաթվածահար է լինում։ Դանակահարվածին տեղափոխում են հիվանդանոց։ Մեզ հայտնի է դարձել վիճաբանության բուն պատճառը։

Սեւանի բնակչի որդին ամուսնացել է Պռոշյանի բնակչի դստեր հետ։ Դատական նիստը կապված է եղել թոռան խնամակալության հետ։ Գիշերը դանակահարողին իրավապահները բռնել են, նա ձերբակալված է։

 

 

 

Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունից տուժածների անունները։ Այսպիսով, հիվանդանոց տեղափոխված անձանցից մեկը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ առաջին գումարտակի 2-րդ վաշտի լեյտենանտ Հայկ Ղազարյանն է՝ ծնված 1990 թվականին. վերջինս ծխահարվել է եւ այս պահին գտնվում է հիվանդանոցում։  Մյուս տուժածները ԵՊՀ աշխատակիցներ Սեյրան Բիչախչյանն է՝ ծնված 1953 թվականին, Ահարոն Հակոբյանը՝ ծնված 1957 թվականին։ Իսկ, ահա, պայթյունի հետեւանքով մահացածը Երեւանի բնակիչ Ժորժիկ Խաչատրյանն է՝ ծնված 1950 թվականին Երեւանում։  Իսկ ի՞նչ վարկած է քննվում այս պահին իրավապահ համակարգում: «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն եւ ըստ նախնական վարկածի՝ Ս. Բիչախչյանը Երեւանի պետական համալսարանի նկուղային հարկում իրեն անհայտ ծագման նյութը փակ տարայից դատարկել է դույլի մեջ, ինչի հետեւանքով էլ առաջացել է այս պայթյունը։ Հետեւենք քննության ընթացքին։ Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ԵՊՀ-ում պայթյուն էր տեղի ունեցել, որին զուգահեռ հրդեհ էր բռնկվել։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՊԱՅԹՅՈՒՆ՝ ԵՊՀ-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեում ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ, ըստ ստացված ահազանգի, Երեւանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։

ՔԿ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոց  է տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք, որոնցից մեկը 70 տարեկան է, մյուսը՝ 66 տարեկան, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այրվածքաբանական ազգային կենտրոն։

Դեպքի վայրում՝ նշված ֆակուլտետի նկուղային հարկում, հայտնաբերվել է 73-ամյա Ժ. Խ.-ի դին՝ այրվածքներով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով (Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք), ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։

Ձեւավորվել է քննչական խումբ, սկսվել է նախաքննություն։

Ներկա պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացվում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհրաժեշտ այլ անհետաձգելի քննչական, վարութային գործողություններ՝  կատարվածի պատճառները, դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, տեղի ունեցածին վերջնական իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքի եւ արդյունքների մասին ՀՀ քննչական կոմիտեն հընթացս հանդես կգա պաշտոնական տեղեկատվությամբ։




Լրահոս