ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին Հայաստան-Վրաստան սահմանի ավտոճանապարհի 82-րդ կիլոմետրում տեղի ունեցած սողանքից հետո խոշոր բեռնատարները` «ֆուռերը», Բագրատաշենից Երեւան են հասնում սողանքի գոտին շրջանցող, ավելի երկար` Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: Սակայն գործում է նաեւ սողանքի վայրը վերին հատվածով շրջանցող, Այրում մտնող խճապատ ճանապարհը, որը վաղուց գոյություն ունի: Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն Երկրորդ» ՍՊԸ-ն սողանքից հետո այդ ճանապարհի բարեկարգման նպատակով որոշակի աշխատանքներ է կատարել: Սակայն ներկայումս այն վտանգավոր է, քանի որ նեղ ոլորաններ ունի, ուր մեքենաները հարկադրված են կանգնել` դիմացից եկող մեքենային զիջելով ճանապարհը: Մի  տեղում էլ վարորդները, բարձունքը հաղթահարելով, տեսադաշտ չեն ունենում, որպեսզի նկատեն հանդիպակաց մեքենան: Բացի այդ, ճանապարհն այդ հատվածում շատ նեղ է, որովհետեւ կողքին՝ հենց ճանապարհին կպած, գտնվում է Այրում քաղաքի բնակիչ Վաչիկ Անանյանի անասնագոմը: Արդեն իսկ վրացական մի ավտոմեքենա այդ տեղանքում ընկել է ճանապարհից դուրս եւ հայտնվել Վ.Անանյանին պատկանող «Ժիգուլու» վրա: Վ.Անանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իր գոմն ինքնակամ կառույց է: Նրա խոսքերով` գոմը կառուցվել է  20 տարի առաջ, սակայն այրումցիներն ասում են, որ գոմն այդքան վաղեմություն չունի: Եւ չնայած վտանգավորությանը, ներկայումս այդ խճապատ ճամփով շատ աշխույժ երթեւեկ է: Մենք այդ ճանապարհին ոչ միայն մարդատարներ եւ «Կամազներ» տեսանք, այլեւ Հայաստան մարդատար մեքենաներ տեղափոխող բեռնատարներ: Մեր տեղեկություններով` այժմ պատրաստ է սողանքից քանդված նախկին, հիմնական ճանապարհի վերականգնման նախագիծը, որը դեռ պետք է համապատասխան փորձաքննություն անցնի: Հավանաբար, հիմնական ճանապարհի վերականգնումը կսկսվի գարնանը: Դա նշանակում է, որ ձմռանը խճապատ  վտանգավոր ճանապարհը բանուկ  է լինելու: Ուստի անհրաժեշտ է, որ  ինքնակամ կառուցված գոմը քանդվի, ոլորաններում էլ ճանապարհի լայնացման աշխատանքներ արվեն: Նշենք նաեւ, որ սողանքի գոտին շրջանցող ճանապարհի բարեկարգման, հոկտեմբերի 2-ից 12-ը սողանքի գոտուց հողի եւ քարի զանգվածի հեռացման աշխատանքների համար «Լեւոն Երկրորդ» ընկերությունը պետբյուջեից դեռեւս գումար չի ստացել: Հավանաբար, ճանապարհաշինական աշխատանքների մեկնարկն արագացնելու համար անհրաժեշտ է, որ այս խնդրի վերաբերյալ Սահակաշվիլին մեկ անգամ եւս քննադատի Հայաստանի կառավարությանը:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ




Լրահոս