ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԿԱՆԱՅՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի նոր ձեւավորված ավագանին թերեւս կարճ ժամանակ է, ինչ սկսել է իր աշխատանքը, բայց գրեթե բոլոր նիստերն ուղեկցվում են սկանդալներով, վիճաբանություններով եւ թեժ լեզվակռիվներով:

 

Ընդ որում՝ առավել ակտիվ են ավագանու կին անդամները, որոնք հաճախ են հայտնվում վիճաբանությունների կենտրոնում: Այս ավագանին ունի 25 կին անդամ: «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի ավագանու կին անդամներին, որոնք առավել ակտիվ են եւ հաճախ են հայտնվում վիճաբանությունների կիզակետում:

Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանն ավագանու ամենաակտիվ անդամներից է, որն իր հայտարարություններով հաճախ է հայտնվում սկանդալի կենտրոնում: Նա ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրն է: Նուարդ Վարդանյանը աչքի էր ընկել հատկապես այն բանից հետո, երբ 2019թ.-ին ֆեյսբուքյան իր էջում սպառնացել էր ընդդիմադիրների «ականջ ծամել»: «Սա ձեզ համար 90-ականները չի, որ մարդ սպանեք շքամուտքի մոտ ու կոծկեք ձեր կերած բողկերը: Ես՝ որպես 90-ականների երեխա, որն էդ սարսափի մեջ է մեծացել, թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ», – գրել էր նա, ինչից հետո հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում:

Երեւանի ավագանու՝ հանրությանը հայտնի կին անդամներից է նաեւ երիտասարդ դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը: Նա ՔՊ-ի ցուցակով մասնակցեց ավագանու վերջին ընտրություններին եւ մուտք գործեց քաղաքականություն, ինչից հետո նրա հասցեին սուր քննադատություններ սկսեցին հնչել թե՛ հանրության, թե՛ անգամ իր կոլեգաների կողմից:

Դերասանուհի, ավագանու նորընտիր անդամ Տաթեւ Հովակիմյանը հերթական անգամ քննադատությունների կիզակետում հայտնվել էր օրերս՝ այն բանից հետո, երբ հայտարարել էր. «Իմ գիտակից կյանքում չեմ հանդիպել Արարատ Միրզոյանի պես ԱԳ նախարարի»: ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականը՝ Նատալի Սինորյանը նույնպես ՔՊ խմբակցության կազմում գործուղվել է ավագանի:  Վերջինս այս ընթացքում սկանդալների կենտրոնում չի հայտնվել, փոխարենն աչքի է ընկել լրագրողների նկատմամբ իր դժկամ եւ խուսափողական վերաբերմունքով: Նա ԱԺ-ում էլ մշտապես փորձում էր խոչընդոտել լրագրողների աշխատանքը, եւ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Կոնջորյանի փոխարեն նա էր «կառավարում» ՔՊ-ն:

Ավագանու հնաբնակներից Իզաբելլա Աբգարյանը, որը ավագանի էր մուտք գործել 2018թ.-ին իշխող «Իմ քայլը» կուսակցության ցուցակով, պատերազմից հետո՝ 2020թ.-ին, խմբակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել, իսկ արդեն 2023թ.-ի ավագանու ընտրություններին նա մասնակցեց ընդդիմադիր թեւից հանդես եկող նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմով: Այժմ նա «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղարն է:

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը նույնպես Հայկ Մարությանի թիմում է: ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի դուստրը՝ Նարե Արամյանը եւս ավագանու անդամ է. նա 2023թ. սեպտեմբերի 17-ին կայացած Երեւանի ավագանու հերթական ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երեւանի ավագանու անդամ։ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Անի Խաչատրյանը վերջերս ավագանիում տեղի ունեցած վիճաբանության կիզակետում էր հայտնվել: Նրա սուր ելույթից հետո «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի հետ թեժ վիճաբանություն սկսվեց, որն ուղեկցվեց միմյանց վրա ջուր շփելով, մազ քաշելով:

Ավագանու կին անդամների սկսած թեժ վեճը շարունակվել էր նաեւ քաղաքապետարանի միջանցքներում՝ արդեն ավագանու անդամների եւ վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ: Սոնա Աղեկյանը նույնպես ավագանու ամենասկանդալային դեմքերից է: Նա հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2019թ.-ին՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ, կոյուղաջրեր էր տարել քաղաքապետարան: Քաղաքապետարանում տեղի ունեցած վեճի կենտրոնում էր նաեւ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը, որը հայհոյանքներ էր հնչեցրել վեճի ժամանակ: Վերջինս ԵԿՄ, «ՀԱԲ», «Ֆիդայիններ», «Արցախյան պատերազմի վետերաններ», «Ազատամարտ», «Արծիվ 30», «Առաջին գունդ», «Հայ-ռուսական բարեկամության դաշինք» եւ այլ կազմակերպությունների անդամ է: Նա շատ սուր գրառումներով է հաճախ հանդես գալիս նաեւ ֆեյսբուքյան իր էջում: Ավագանու ամենաէքսցենտրիկ կին անդամներից է նաեւ «Մայր Հայաստան» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը:

Նա թեեւ ավագանու նիստերին չի մասնակցում, բայց հաճախ է սկանդալային հայտարարություններով հանդես գալիս եւ խոստանում է «ՔՊ-ի կյանքը դժոխքի վերածել»:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ԲՈՒՆՏ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի 13 եւ 40 համարի ավտոբուսի վարորդները բունտ են հայտարարում եւ ստորագրահավաք են սկսում: Բանն այն է, որ վարորդները հայտնվել են փակուղու առաջ եւ չգիտեն՝ ինչպես քաղաքացիներին բացատրել, թե որն է իրենց՝ ժամերով ուշանալու բուն պատճառը:

Ըստ վարորդների՝ Նար-Դոս եւ Խորենացի փողոցներում մեքենայի անիվներ վաճառող խանութների առեւտրականները ճանապարհահատվածը վերածել են շուկայի. «Օրվա որ ժամը լինի, մենք չենք կարողանում այդ հատվածում երթեւեկությունը պատշաճ իրականացնել եւ սպասարկել կանգառներում ժամերով մեզ սպասող քաղաքացիներին: Մի քանի անգամ ահազանգել ենք ոստիկաններին, եւ նշված փողոց են եկել ոստիկանության մեքենաները, պարեկները ստիպել են առեւտրականներին ճանապարհից հեռացնել իրենց ապրանքները, որպեսզի Նար-Դոս եւ Խորենացի փողոցներում երթեւեկությունը վերականգնվի:

Բայց հենց ոստիկանությունը գնում է, առեւտրականները նորից հանում են անիվները եւ այլ ապրանքներ: Ես չեմ հասկանում՝ դժվար է՝ այդ հատվածում ոստիկանությունն ամեն օր վերահսկողություն սահմանի եւ առեւտրականներին թույլ չտա ապրանքները հանել եւ դնել ճանապարհին: Ճիշտ հասկացե՛ք՝ եթե այնտեղ ամեն օր ոստիկանության աշխատակիցներ լինեն, վստահեցնում եմ ձեզ՝ երթեւկությունը կկարգավորվի, իսկ մենք ժամանակին կհասնենք կանգառներ, եւ քաղաքացիներն էլ ստիպված չեն լինի ժամերով սպասել 13 եւ 40 համարներին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում են վարորդները։

 

 

 

ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐ՝ ՄԵՏՐՈՅՈՒՄ

Միասնական տոմսային համակարգի ծրագրի շրջանակում Երեւանի մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են մոտ 20 վճարային տերմինալներ (վալիդատորներ). այս մասին նոյեմբերի 27-ին՝ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ, ասաց Երեւանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում մետրոպոլիտենը կհամալրվի մեկ շարժակազմով` երեք վագոններով։

«Երկու շարժակազմ էլ՝ 3-ական վագոններով, առաջիկա ամիսներին գիծ դուրս կգա։ Արդյունքում 3 ամսվա ընթացքում կունենանք երեք նոր շարժակազմ»,- ասաց Սեդրակյանը։

Հավելենք, որ անցած շաբաթ մետրոպոլիտենում ուղեւորափոխադրումների թիվը կազմել է 565 հազար 746 ուղեւոր, գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ:

Հիշեցնենք, որ ներկայումս քաղաքային իշխանությունները աշխատանքներ են տանում միասնական վճարային համակարգի ներդրման ուղղությամբ: Այն թույլ կտա քաղաքացիներին Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը վճարել 4 եղանակով։

 

 

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԵԼ Է

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն երեկ ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ «Հայաստան» դաշինքն արգելափակել է իր մասնակցությունը «ՀայաՔվե» հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին. «2023 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությամբ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցի վերաբերյալ։

Հանդիսանալով «ՀայաՔվե»-ի սկզբնական նախաձեռնող խմբի 66 անդամներից մեկը, ինչպես նաեւ ակտիվորեն ընդգրկված լինելով նախաձեռնության քարոզչական աշխատանքներում՝ իմ անունը շատերի հետ միասին ներկայացվել է ԱԺ «Հայաստան» խմբակցություն լսումներին հրավիրելու նպատակով։ Ավելին՝ ես նախապես հաստատել եմ ոչ միայն իմ հնարավոր մասնակցությունը, այլեւ լսումների ժամանակ ելույթով հանդես գալու պատրաստակամությունը։

Լսումներից մեկ օր առաջ ես տեղեկացվել եմ, որ «Հայաստան» խմբակցությունից ջնջել են իմ անունը հրավիրվածների ցանկից՝ հնարավորություն չտալով մասնակցել լսումներին։ Փորձելով հետաքրքրվել պատճառների մասին՝ ինձ պարզաբանել են, որ իմ անունը դուրս է մնացել հրավիրվածների ցանկից մասնակիցների մեծ թվի եւ դահլիճի սահմանափակումների պատճառով։ Լսումների ընթացքից պարզ եղավ, որ այդ «բացատրություն»-ը որեւէ հիմք չունի, քանի որ լսումների ժամանակ դահլիճում առկա էին մի քանի տասնյակ ազատ տեղեր։ Սա հիմք է տալիս պարզել, որ «Հայաստան» դաշինքի այդ որոշումը, որն արժանացել է «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող մարմնի լուռ համաձայնությանը, ունի այլ պատճառներ։ Ես ստիպված եմ կատարել իմ սեփական ենթադրությունները, որոնք առնվազն ինձ համար հստակեցնում են գործող «ընդդիմության» իրական կարգավիճակը»։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Էդգար Ղազարյանի գրառմանը, պարզաբանեց. «Այդ լսումներին հրավիրյալների ցանկը սարսափելի մեծ է եղել՝ 200-ից ավել մարդ, ստիպված էինք ցանկը սահմանափակել, որպեսզի Ազգային ժողովի աշխատակազմը կարողանար նաեւ մուտքի թույլտվություն տալ: Ցավոք սրտի, մի քանի հրավիրյալների անուններ դուրս մնացին ցանկից, դրանց մեջ է եղել նաեւ Էդգար Ղազարյանը, ինչը, կարծում եմ, մեծ ողբերգություն չէ:

Նախկինում էլ մեր կազմակերպած լսումներին նա ներկա է եղել, դրանից հետո գրառում չի արել եւ շնորհակալություն հայտնել: Հավելեմ, որ լսումներից առաջ Էդգար Ղազարյանը հեռախոսազրույցով տեղեկացվել է դրա մասին»:

 




Լրահոս