ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ ՄՈՏ 55000 ԴՈԼԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ներկայացված առերեւույթ հանցանքի մասին հաղորդման եւ դրան կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության եւ առեւտրային կազմակերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող եւ իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերեւույթ դեպքեր:

 

«Կատարված ապացուցողական եւ վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի մատակարարման պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված եւ սննդի մատակարարմամբ զբաղվող «Հայկազունք» եւ «Ֆոտոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների փաստացի սեփականատեր Յ.Ա-ն, նշված ընկերություններում վարորդ-առաքչի գործառույթներ փաստացի իրականացնող Պ.Մ-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում մեկ միասնական դիտավորությամբ խաբեության եղանակով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, առանձապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության եւ առեւտրային կազմակերպության կողմից տրվող, իրավաբանական նշանակության փաստ հաստատող եւ հատուցման իրավունք վերապահող, տարբեր տեսակի սննդի պահանջարկի եւ մատակարարված լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ուռճացված տվյալներով կազմված կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, «Հայկազունք» ՍՊ ընկերության աշխատակիցներ Կ.Մ-ի, Ն.Հ-ի, Ն.Ն-ի, Ս.Ս-ի, Ռ.Մ-ի, ինչպես նաեւ մսամթերքի տեսակավորման եւ բաշխման գործընթացում ներգրավված Գ.Ս-ի, Ա.Ա-ի, Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տարբեր մանկապարտեզների պատասխանատու անձանց եւ այլ անձանց՝ միջոցներ տրամադրելու եւ խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսեւորված օժանդակությամբ 2023 թվականի փետրվարից նոյեմբեր ամիսների ընթացքում փոխանցման եղանակով ստացել եւ խաբեության եղանակով հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված՝ առանձնապես խոշոր չափերով գումարները:

Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ հանցավոր խմբի 9 անդամների նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Հանցավոր խմբի անդամների մի մասը խոստովանական ցուցմունքներ է տվել հափշտակության կատարման մեխանիզմի, հանցավոր խմբի անդամների դերակատարության, հանցավոր ճանապարհով ստացված եկամտի բաշխման, առանձնապես խոշոր չափերով հափշտակության կատարման հանգամանքների շուրջ կայացված պայմանավորվածությունների, դրանց իրագործման եղանակների եւ այլնի մասին: Ցուցմունքին կից ներկայացվել են նաեւ հափշտակության կատարման հանգամանքը հիմնավորող, ինչպես նաեւ հանցավոր եկամտի բաշխման չափի վերաբերյալ փաստական տվյալներ պարունակող գրառումներով փաստաթղթեր: Հանցավոր խմբի անդամներից հինգի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Միեւնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, աշխատավայրերում, ավտոմեքենայում, ընդհանուր շուրջ չորս տասնյակ հասցեներում, որոնց ընթացքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, փաստաթղթեր, շուրջ 55.000 ԱՄՆ դոլարին համարժեք 22 մլն ՀՀ դրամ գումար, ոսկյա զարդեր, ինչպես նաեւ բջջային հեռախոսներ, համակարգիչներ:

Հարցաքննվել են նաեւ Երեւան քաղաքի տարբեր մանկապարտեզների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ՝ տեղի ունեցած առանձնապես խոշոր չափերով հափշտակության հանգամանքների, հիշյալ հանցանքներին իրենց առնչության եւ քրեական վարույթով ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են վարութային գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, այդ թվում՝ մեծ ծավալի հասնող հափշտակության ամբողջական չափը եւ հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաեւ ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է հղորդագրության մեջ:

 

 

 

 

 

ՌՈՒՄԲ՝ ԴՊՐՈՑՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Կամոյի միջնակարգ դպրոցում ահազանգ է ստացվել, որ ռումբ կա տեղադրված։ Դեպքի վայր է շտապել ԱԱԾ-ն, եւ դադարեցրել են դպրոցում դասապրոցեսը։ Կատարվեցին որոնողական աշխատանքներ՝ հասկանալու համար՝ արդյոք դպրոցում ռումբ կա տեղադրված, թե ոչ։ Փաստ է մեկ բան, որ դպրոցում դասերն ընդհատվել են, եւ երեխաներին ուղարկել են տուն։ Դեպքով զբաղվում է  Ազգային անվտանգության ծառայությունը։

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ 48-ամյա տղամարդն Արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող հարկադիր կատարման ծառայության շենքի դիմաց բենզինը լցրել է իր վրա՝ փորձելով ինքնահրկիզվել։ Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող հարկադիր կատարման ծառայության շենքի մոտ սկսվել է իրարարանցում։ Հարկադիր կատարման ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, կանխել են քաղաքացու ինքնահրկիզման գործողությունները։ Իսկ ի՞նչն է դրդել 48-ամյա տղամարդուն գնալ ծառայության շենքի մոտ եւ նման քայլի դիմել։ Մեր լրագրողական հետաքննության արդյունքում պարզեցինք, որ ինքնասպանության փորձ կատարած 48-ամյա տղամարդու նախկին կինը վարկային պարտավորություններ ունի, ինչի հետեւանքով Դատական ակտերի հարկադիր կատարում ապահովող ծառայությունը քաղաքացու բնակարանը դրել է կալանքի տակ, ինչից դրդված՝ նա փորձել է վերջ տալ կյանքին։ Իրավապահները դեպքով քննություն են իրականացնում։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐՆ» ՈՒ ՕՐԵՆՔԸ

Ոստիկանությունը շարունակում է հետեւողական եւ անզիջում պայքարը քրեական ենթամշակույթի դեմ: Օրերս տրամաբանական ավարտին հասավ հերթական միջոցառումը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ օրը՝ ժամը 16.20-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդ, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված` «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկի մականվամբ հայտնի Վ. Ա.-ն եւ նրան ուղեկցող անձինք վիճաբանել են նույնպես «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող՝ Արսեն Երեւանսկի մականվամբ հայտնի Ա. Մ.-ի եւ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդի հետ: Այդ ընթացքում կողմերը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, միմյանց նկատմամբ հնչեցրել հայհոյանքներ, հասցրել հարվածներ:

Նույն օրը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների ավարտը նեյոմբերի 22-ին էր: Ու թեեւ ստացվել էին տեղեկություններ, որ Վիտալի Թբիլիսսկին ու նրան ուղեկցողները զինված են, պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապահովվեց միջոցառման անվտանգությունը:

Ժամը 13:10-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Սեւան քաղաքի մոտ, կանգնեցվեց վերոհիշյալ «Տոյոտան»: Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին եւ ոստիկանության Նոր Նորքի բաժին տեղափոխվեցին «օրենքով գողն» ու նրան ուղեկցող երեք անձինք:

Անձնական խուզարկությամբ Վիտալի Թբիլիսսկու մոտ հայտնաբերվեց զիպ փականով փաթեթ` բյուրեղանման զանգվածով, հոգեմետ երկու դեղահաբ, իսկ մեքենայի միջից հայտնաբերվեց երկու ատրճանակ:

Բոլորն էլ ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին եւ ձերբակալվել:

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ Երեւանում ձերբակալել են վրաց «օրենքով գողի»։

 




Լրահոս