Ինչ է թաքցնում Միգրացիոն ծառայության ղեկավարը և ինչ խառնաշփոթ է ստեղծվել ՀՀ անձնագրային համակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել ՀՀ քաղաքացու անձնագրերի «ոդիսականը» և կենսաչափական անձնագրեր տրամադրելու բարեփոխման մշուշոտ ապագան։

Անձնագրային համակարգում տիրող քաոսը անգամ իշխանությանն ու ընդդիմությանն է միավորել, պատգամավորները միմյանց հերթ չտալով ելույթներ էին ունենում մոտ երկու շաբաթ առաջ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ։

Արդյունքում՝ իհարկե, հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը հերթական անգամ երկարացվեց մինչև կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրումը, որն, ի դեպ, հայտնի չէ, թե երբ կլինի։
Բանն այն է, որ 2017թ. ավարտվել է լեհական ընկերության հետ պայմանագրի ժամկետը, որն զբաղվում էր հայկական կենսաչափական անձնագրերի և ID-քարտերի արտադրությամբ և սպասարկմամբ։
Ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը պնդում է, թե դրանից հետո սկսվել է նոր և ավելի ժամանակակից տեխնիկական պահանջների մշակումը։

Սակայն, Ղազարյանը, մեղմ ասած, ճիշտ չի ասում, երբ հայտարարում է, թե տարիներ ի վեր անհրաժեշտ ներդրումներ չեն կատարվել անձնագրային համակարգի զարգացման վրա։
Մեր ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք վկայում են, որ պետությունը տարեկան մոտ 300 մլն դրամ է հատկացրել անձնագրային համակարգի համար, սակայն փաստացի ոչինչ չի արվել։ Ավելին՝ լեհական ընկերության հեռանալուն պես եղել է պայմանավորվածություն կենսաչափական անձնագրերի և ID-քարտերի արտադրությունը և սպասարկումը Կառավարության կողմից ստեղծված «ԷԿԷՆԳ» ՓԲԸ-ով իրականացնելու համար, այդ նպատակով մեծ գումարներ են հատկացվել, սակայն նորից ոչինչ չի արվել։
Առհասարակ այս փաստաթղթերի ուսումնասիրությունից բավականին ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս, օրինակ, թե ինչպես կարող է մի ծառայության համար ընկերությունը ամեն տարի ստանալ 128 մլն դրամ, սակայն հանկարծակի նույն ծառայության համար ստանալ 59 մլն, երբ ծառայությունը նույնն է, ստացվում է, որ կամ նախկինում գումարներ են մսխվել, կամ ընկերությունն այժմ որոշել է բարեգործությամբ զբաղվել։
Մեկ այլ ուշագրավ տվյալ, թե ինչպես է տարիներ ի վեր անձնագրերի մրցույթում շահող հաջողակ գործարարը հեղափոխությունից հետո սառեցնում իր ընկերությունը և նորից հայտնվում խաղի մեջ այլ ընկերությամբ։

Այս փաստաթղթերը, անշուշտ, կուղարկվեն թե Դատախազություն, թե ՊՎԾ, թե մտահոգ պատգամավորներին, ովքեր խորհրդարանում հայտարարում էին, թե պետք է պարզել՝ ինչու չենք կարողանում ՀՀ քաղաքացուն անձնագիր տալ, արդյոք կա այստեղ կոռուպցիոն ռիսկ, թե ոչ։

Ի դեպ, համակարգի լավատեղյակ աղբյուրը բացարձակ հեքիաթ և վատ կառավարման արդյունք որակեց պնդումը, որ կենսաչափական անձնագրերի չիպերի պիտանելիության ժամկետն անցել է, այդ պատճառով առաջացել է այդ քաոսը։ «Նման արտադրություն իրականացնող ցանկացած ոք գիտի, որ չիպերը կոնկրետ տարիների կյանք ունեն, 10-20 տարի հետո դրանք անհրաժեշտ է փոխել զեղծարարություններից խուսափելու, ծրագրային թարմացումների համար, այս տարրական ճշմարտությունը պետք է իմանար թե լեհական ընկերությունը, թե մեր ոստիկանության համապատասխան պաշտոնյաները, և կոնկրետ քայլեր սկսեին նախքան չիպերի պիտանելիության ժամկետի ավարտը։ Հիմա պետք է պարզել՝ արդյոք արտադրող ընկերությունը չիպերի պիտանելիության ժամկետի մասին զգուշացրել է ոստիկանության համապատասխան պաշտոնյաներին, թե ոչ, եթե չի զգուշացրել, պետք է պատասխանատվության ենթարկվի, եթե զգուշացրել է, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն այն պաշտոնյաները, որոնք հանցավոր անգործություն, անփութություն են դրսեւորել»,-ասաց մեր աղբյուրը։




Լրահոս