Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սևանա լճի հարակից տարածքում ներկա է գտնվել Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Ներքին գործերի նախարարության հարգելի գործընկերներ,
Ոստիկանության հարգելի ծառայողներ,

Շնորհավորում եմ բոլորիս ևս մեկ ստորաբաժանման ծառայության մեկնարկի առիթով: Պարեկային ոստիկանության ջրային ծառայության մեկնարկն ենք այսօր տալիս, ինչը շատ կարևոր իրադարձություն է:

Ըստ էության, մենք սրանով արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրավակարգը գործում է բոլոր տեղերում, բոլոր անկյուններում: Այս առումով, շատ կարևոր է այս նոր ծառայության գործարկումը, որը նոր է նույնիսկ նոր ստեղծված Պարեկային ոստիկանության մեջ, որովհետև ծառայությունը հիմնականում կապված է լինելու Սևանա լճի վրա և ափամերձ տարածքներում իրականացվող իրավապահ գործունեության հետ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին այս հարցում նույնպես մեզ աջակցություն ցուցաբերելու համար: Խոսքը Ռուսաստանի Դաշնության կառավարության, Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին է, Եվրամիության մեր գործընկերները Պարեկային ծառայության ձևավորման առաջին օրից էլ մեզ աջակցում են, և այդ աջակցությունը շարունակական է:

Ընդհանրապես՝ մեզ ամեն անգամ թվում է, որ ահա, մոտենում ենք Պարեկային ոստիկանության եզրափակիչ ակորդին, բայց նաև իրականությունը, իրադրության իրական գնահատումն ինձ բերում է այն եզրակացության, որ ընդհանրապես, բարեփոխումներն ավարտ չեն ունենում: Խոսքը վերաբերում է նաև Ոստիկանության, Ներքին գործերի նախարարության բարեփոխումների գործընթացին:

Մենք այսքան երկար և հետևողական աշխատում ենք, Պարեկային ոստիկանությունն, ահա, այլևս ամբողջ հանրապետությունում իրողություն է:

Ո՞րն է հաջորդը՝ Ներքին գործերի նախարարության տրամաբանության մեջ առաջիկայում պիտի Քրեական ոստիկանության բարեփոխումներ իրականացնենք, Համայնքային ոստիկանության բարեփոխումներ իրականացնենք, պետք է հիմնենք Ոստիկանության գվարդիա, պետք է Ոստիկանության կամ Ներքին գործերի նախարարության ակադեմիան նոր որակ և շունչ ստանա: Առաջիկայում Պարեկային ոստիկանության ծառայության հետ կապված Օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ավարտին և բացմանն ենք սպասում:

Բայց, ընդհանուր առմամբ, եթե նույնիսկ հիմնադրման այս բոլոր աշխատանքները, երբ տեղի ունենան, բնականաբար, դրանով չի ավարտվելու բարեփոխման գործընթացը: Հարց կառաջանա՝ ի՞նչ է լինելու հաջորդը նույն Պարեկային ծառայության մեջ: Մենք այդ քննարկումներն սկսել ենք և այդ պրոցեսները շարունակում ենք, իրականացնելու ենք:

Հաջորդը լինելու հետևյալը՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցների պրոֆեսիոնալ որակների բարձրացման շարունակաբար և անընդհատ գործընթաց պետք է տեղի ունենա: Մենք պետք է բոլորս գիտակցենք, որ ուզում ենք, և այդպես կլինի անխուսափելիորեն, որ Ոստիկանությունում կամ Պարեկային ծառայությունում ծառայեն լավագույն վարորդները, լավագույն մոտոցիկլետավարները, լավագույն նավավարները:

Փրկարար ծառայության բարեփոխումներն են առաջիկայում նախատեսվում: Փրկարար ծառայությունում, ինչպես և Ոստիկանությունում, ծառայելը պետք է լինի ամենահեղինակավոր աշխատանքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում:

Այս նրբության վրա ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որովհետև ոստիկանները և փրկարարները նրանք են, ում մարդիկ նեղ իրադրության մեջ հայտնվելու դեպքում, դիմում են: Ընդհանրապես՝ մենք մեր առօրյա կյանքում ո՞ւմ ենք դիմում առաջինը, երբ մի խնդիր ենք ունենում. մեր ամենավստահելի մարդկանց: Հետևաբար՝ Հայաստանում Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը կամ ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ:

Ես ուզում եմ նորից բոլորիս ուշադրությունը հրավիրել հետևյալ հարցի վրա՝ Ոստիկանությունում, Պարեկային ոստիկանությունում կոմպրոմիսներ չեն լինելու, որևէ կոռուպցիոն երևույթ նկատվելու դեպքում, կամ նույնիսկ չպետք է թողնենք, որ նկատվի, կանխարգելիչ աշխատանք պետք է իրականացնենք: Պարեկային ծառայության և ընդհանրապես՝ այս նոր Ոստիկանության յուրաքանչյուր աշխատող պետք է ինքն իր համար արձանագրի՝ այս աշխատանքն իր համար երաշխավորված է այնքան ժամանակ, ընդ որում՝ սոցիալական երաշխիքների շարունակական ուժեղացմամբ, կամավոր ատեստավորման համակարգերով, աշխատավարձերի շարունակական բարձրացմամբ, քանի դեռ նա բարեվարք է և պրոֆեսիոնալ: Հետևաբար՝ նրանք, ովքեր կհատեն բարեվարքության և պրոֆեսիոնալության նեգատիվ գիծը, այլևս Ոստիկանությունում, Պարեկային ծառայությունում չպետք է աշխատեն:

Հիմա պետք է շատ ուղիղ և թափանցիկ ասել՝ մեր հաջորդ գործն է Պարեկային ոստիկանության շատ ուժեղ ռեզերվ ձևավորելը: Ընդհանրապես՝ ուզում եմ հիշեցնել մեր այս հայեցակարգային պայմանավորվածության մասին. մենք բարեփոխումների արդյունքում պիտի հասնենք հետևյալ մեխանիզմին՝ Ոստիկանությունում աշխատանքի մտնելու և կարիերա անելու առաջին քայլը պետք է դառնա Պարեկային ծառայությունը, այսինքն՝ մեր բարեփոխումների այս փուլն ավարտելուց հետո, ով ուզում է դառնալ ոստիկան, առաջինը պետք է սկսի Պարեկային ոստիկանությունում աշխատելուց: Պարեկային ծառայությունն ինչ-որ տեղ պետք է դառնա խաչմերուկ Ոստիկանության համար: Բոլոր նրանք, ովքեր ոչ պրոֆեսիոնալ են և ոչ բարեվարք, պետք է դուրս գան ծառայությունից: Բոլոր նրանք, ովքեր պրոֆեսիոնալ են և բարեվարք, բնականոն կարիերա պետք է անեն Ոստիկանությունում. Ներքին գործերի նախարարության ակադեմիայի բարեփոխումների մեր տեսլականը հենց դրա համար է, որ յուրաքանչյուր փուլի և պաշտոնի համար, ինչպես այս դեպքում է տեղի ունեցել Պարեկային ոստիկանության հետ, պետք է անցնել վերապատրաստումներ, դասընթացներ՝ մեծացնելով իրենց պրոֆեսիոնալության և բարեվարքության մակարդակը:

Հարգելի ներկաներ,

Շատ կարևոր և խորհրդանշական իրադարձություն է մեզ համար, անձամբ ինձ համար: Ուրախ եմ, որ մենք այժմ Ոստիկանություն ասելիս, պատկերացնում ենք նոր գործարանային թողարկման ավտոմեքենաներ, այլ տեխնիկա, ճաշակով հագուստ, սոցիալական երաշխիքների ավելի բարձր մակարդակ: Եվ մենք այս ամենն անում ենք երկու պատճառով: Առաջինը՝ իհարկե, մեզ համար շատ կարևոր է Ոստիկանության ծառայողների հարմարավետությունը, շարժունակությունը, տեխնիկական հագեցվածությունը: Բայց, ի վերջո, եկեք չմոռանանք՝ Ոստիկանությունը և, մասնավորապես, Պարեկային ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ շփվող, անմիջական շփում ունեցող առաջնային և ամենամեծ օղակն է: Ոստիկանությունը և Պարեկային ոստիկանությունը մեր պետության դեմքն է և մեր պետության կերպարը: Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրի ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա և խնդրել, որ ինքներդ էլ առանձնակի ուշադրություն դարձնեք և Ոստիկանության առաջ եմ ես այդ խնդիրը դնում, ընդհանրապես՝ մեր բոլոր ուժային կառույցների, մեր բոլոր պետական ծառայողների մասին է խոսքը, սկսած՝ արտաքին տեսքից, վարվելաձևից, շարժուձևից, խոսելու ձևից, դուք այս համազգեստով և ծառայության մեջ ոչ միայն անհատ եք, այլև պետության ներկայացուցիչը, քաղաքացիներին ծառայություն մատուցող, իսկ օտարերկրացիների պարագայում՝ Հայաստանի Հանրապետության մասին պատկերացում տվող անձինք:

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ձեզ հետ շփումից է ինքն իրեն որպես քաղաքացի գնահատում: Յուրաքանչյուր օտարերկրացի ձեզ հետ շփումներից է պատկերացում կազմում, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը: Եվ մեր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայանա որպես անկախ, ինքնիշխան, Սահմանադրական հստակ կարգով և իրավակարգով ազատ, ժողովրդավարական երկիր, որտեղ օրենքի գերակայություն է և որտեղ բոլորի իրավունքները պաշտպանված են:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Շնորհավորում եմ բոլորիս»:




Լրահոս