Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման օրակարգում եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ «Մենք՝ որպես Թուրքիա, ասել ենք, որ աջակցում ենք երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրին և անում ենք հնարավորը, որպեսզի այն իրականանա։ Նրանք նույնպես համակարծիք են այս հարցում, կարծում ենք, որ տարածաշրջանի կարգավորումը կբխի տարածաշրջանի շահերից»,- հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆիդանը։
Նախարարի խոսքով՝ Թուրքիան կարծում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և մշտական խաղաղության համաձայնագրի միջոցով։ Երևանն ու Բաքուն դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորականի, իսկ հայկական կողմն իր հերթին՝ երկու ադրբեջանցի զինվորականի։ Կողմերը նաև հաստատել են հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը։