Մարտի 1-ի զոհ Արման Ֆարմանյանի նախկին կինը կշարունակի ազատության մեջ մնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում հրապարակել էր, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ  մահացած Արման Ֆարմանյանի կինը՝ Աննա Էլոյանը, հայտնվել է անելանելի վիճակում։ «Ժողովուրդ»-ի  հետ զրույցում նա պատմել է, որ իր ներկայիս ամուսինը՝ Հովնանը, արդեն 20 օր է, ինչ հացադուլ է անում. «Ամուսնուս եւ նրա ծանոթներից մեկի միջեւ փոքրիկ վիճաբանություն էր եղել, եւ Հովնանը նրան կարգի հրավիրելու համար ապտակել էր։ Դրա համար Հովնանին կալանավորել են, իսկ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել»։

Գործով տուժող Գրիգոր Մելիքսեթյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է Հովհաննես Խաչատրյանի դեմ ներկայացրած իր ցուցմունքը հետ վերցնել և քննիչին պատմել իրականությունը: Մելիքսեթյանի խոսքերով՝ իրականությունն այն է, որ ինքն օգտագործել է իր հոգեկան հիվանդ ընկերուհու` Հռիփսիմե Տեր-Հարությունյանի հոգեմետ դեղերը, ինչի ազդեցության տակ գլուխը խփել է պատերին և վնասել:

«Հիվանդ ընկերուհուս շանտաժի պատճառով, կեղծ ցուցմունքի հիման վրա, Հովնանը կալանավորվել է: Բայց նա մեղք չունի իմ հիվանդության մեջ: Հռիփսիմեն ուզում էր սարքել Հովնանի գլխին, որ Աննայից 60000 դրամ փող պոկեր: Դրա համար էլ ես, Հռիփսիմեի դեղերի ազդեցության տակ, որ մի տարի օգտագործում էի, շանտաժի արեցինք Հովնանին: Մենք չպատկերացրեցինք, որ Հովնանին կկալանավորեն»,-ասաց Մելիքսեթյանը` հավելելով, որ պատրաստվում է երկրորդ անգամ ցուցմունք տալ ու պատմել իրականությունը:

Նշենք նաև, որ Աննա Էլոյանը նույնպես դատապարտվել էր ամուսնուն` Հովհաննես Խաչատրյանին, Մալաթիա շուկայում խանդի հողի վրա դանակի երեք հարված հասցնելու համար, և համաներմամբ ազատ էր արձակվել: Այսօր Վերաքննիչ դատարանում կայացավ նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազի տեղակալ Վազգեն Հարությունյանի բողոքարկումը` Էլոյանին համաներմամբ ազատ արձակելու` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Վերքաննիչ դատարանը, սակայն, առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ: Նիստի վերջում Վերքաննիչ դատարանի դատավոր Համբարձումյանը կատակելով ասաց, որ դա նվեր է Մարտի 8-ի կապակցությամբ` նշելով` «թող այս անգամ էլ այս խեղճի բախտը բերի»:

Armlur.am-ի հետ զրույցում Աննա Էլոյանը հայտնեց, որ ինքը նախկինում դատապարտված է եղել, սակայն պատիժը մարվել է: «Ես, ինչպես հասկանում եմ, առաջին ամուսինս, որ Մարտի 1-ին մահացավ, իրենից հետո միշտ իմ հետևից են ընկնում: Ես միշտ բողոքել եմ, ահազանգել եմ: Այդ ամեն ինչին իրենք արձագանքում էին, բայց երբ իրավահաջորդ ճանաչվեց Արմենի հայրը, հիմա ինձ արգելում են որևէ բան ասել: Ես ու Արմենը քաղաքացիական ամուսիններ էինք, պատրաստվում էինք երեխա որդեգրել, բայց չստացվեց, հետո էրեխուն խլեցին ձեռքիցս: Այ սենց ընկել են հետևիցս, չեմ հասկանում` ինչի համար»,- ասաց Էլոյանը` հավելելով, որ մարտի մեկին զոհված ամուսնու հորն այժմ տեսնելիս անգամ իրար չեն բարևում:

Էլոյանը նշեց նաև, որ իր ներկայիս ամուսնուն անգիտակցաբար է դանակով հարվածել` ելնելով խանդից ու վիրավորանքից այն ժամանակ, երբ ամուսինն իրեն մարմնավաճառների ներկայությամբ հրել և գցել է գետնին:

Իսկ Խաչատրյանի մորաքույրը` տիկին Անիկը, Armlur.am-ին հայտնեց, որ ինքն ու իր ամուսինն այժմ գտնվում են Էլոյանի խնամքի տակ, և առանց նրա ու Խաչատրյանի՝ չեն կարող ապրել, քանի որ ինքը հոգեկան հիվանդ է, իսկ ամուսինը՝ անաշխատունակ: «Նրանք սիրով ամուսիններ են: Հիմա ու՞մ հետ չի կարա լինի: Մարդը խանդի հողի վրա ամեն ինչ էլ կարա անի»,-ասաց Խաչատրյանի մորաքույրը:

 




Լրահոս