ՎՃԱՐՎԵԼ Է 104 ՀԱԶԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող երեք տեսակի՝ 100,000 դրամների, 40+10 հազար դրամների եւ 50,000 դրամների աջակցության միջոցառումները շարունակվում են:  Այս մասին  դեկտեմբերի 5-ին՝ Հումանիտար կենտրոնում ասուլիսի ընթացքում, տեղեկացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

 

«Այս պահին ունենք 100 հազար դրամների միանվագ միջոցառման շրջանակներում վճարված 109,395 անձ: 40+10 հազար դրամների աջակցությունը, որը նախատեսված էր կացարանի եւ կոմունալ ծախսերի նպատակով, հոկտեմբեր ամսվա համար վճարվել է 104,026 անձի:

Սկսվել են նաեւ նոյեմբերի վճարումները. 20,649 հոգու վճարվել են արդեն նոյեմբերի համար, շուրջ 20 հազար հոգու էլ կվճարվի վաղվանից: Մնացած տվյալները մշակվում են, եւ աջակցությունն առաջիկա օրերին կտրամադրվի: Վաղը կսկսվի 37,117 շահառուի 50,000-ական դրամների աջակցության վճարումները»,- նշեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ կառավարությունն ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ի նիստում որոշեց 2 մլրդ դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային սոցիալական ծախսերը հոգալու նպատակով: Խոսքը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար յուրաքանչյուր անձի 50-հազարական դրամների հատկացման մասին է:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հստակեցրեց, որ այս աջակցությունը հատկացվելու է 40 հազար շահառուի:

«Միջոցառումից կարող են օգտվել 100-հազարական դրամների շահառուները: Միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, որոնց բանկային հաշիվներում հոկտեմբերի 2-ի դրությամբ եղել է 2 մլն դրամից ավելի գումար, նրանք, որոնք ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցել են սեպտեմբերի 19-ից առաջ, նրանք, որոնք բացակայում են ՀՀ-ից կամ նոյեմբերի 15-ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում եւ հյուրատներում: Աջակցություն տրամադրվում է մեկանգամյա էլեկտրոնային դիմումի հիման վրա, իսկ վճարումներն իրականացվելու են բանկերի միջոցով բացառապես անկանխիկ եղանակով»,- ասաց նախարարը:

Նարեկ Մկրտչյանը, անդրադառնալով 40+10 հազար դրամ աջակցության ծրագրին, ասաց, որ հոկտեմբերի համար 99 820 անձի վճարվել է: Նա նշեց, որ հոկտեմբերին բոլորին են հատկացրել, վճարել են առանց դիմումի, իսկ նոյեմբերի համար պետք է լինեն դիմումներ, որպեսզի հստակցվեն հասցեները: «Արդեն սկսել ենք նոյեմբերի համար դիմումներ ստանալ, շուրջ 80 հազար դիմում արդեն ստացել ենք: Մեկ այլ նախագծով խնդրում ենք մեկ մլրդ դրամ, որ սկսենք նոյեմբերի վճարումները: Մինչեւ 20 հազար հոգու կվճարենք այս նախագիծն ընդունելուց հետո նոյեմբերի համար»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ արդեն իսկ 108 336 անձի վճարվել են 100-հազարական դրամները:

 

 

 

 

1 ԿԳ ՈՉԻՆՉ՝ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ

Դեկտեմբերի 1-ին «Հայասաթ-1» արբանյակն ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից։ Հրթիռը տիեզերք էր արձակվել Երեւանի ժամանակով 22։20-ին, մոտ մեկ ժամ հետո «Հայասաթ-1» արբանյակն հաջողությամբ անջատվել էր հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։

Ավելի ուշ որոշ տարակարծություններ առաջ քաշվեցին, որ այդ արբանյակը որեւէ օգտակար բան չի կարող տալ Հայաստանին, նույնիսկ՝ մեզ այդքան անհրաժեշտ արբանյակից արված պատկերներ։

«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց կիբեռանվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, որը մեզ բացատրեց, որ «Հայասաթ-1»-ը օգուտ կարող է տալ արբանյակաշինության զարգացման փուլում։

Ստացվում է, որ այդ 1 կիլոգրամանոց արբանյակը այդպես էլ ինչ-որ կերպ մեր առօրյայում փոփոխություններ չի մտցնելու եւ էականորեն ոչ մի օգուտ չի տալու։

«Ինչ-որ ձայնային փոխանցումներ կարող են իրականացնել տելեկոմունիկացիոն արբանյակները. դրա դեպքում ցանց պետք է լինի, մի հատը բան չի տա։ Իսկ նկարահանում անում է մեր վարձակալած արբանյակը։ Եթե սկզբից մեկ կիլոգրամ փորձնական բան չուղարկես, միանգամից ռազմական արբանյակ սարքել չես կարող։ Սա փուլային, կրթական, ուսումնասիրման բարդ տիրույթ է։ Եթե սա չլինի, մնացածը դժվար թե լինի։ Ոնց որ ասում են, փոքր քայլ աշխարհի համար, բայց մեծ քայլ՝ մեզ համար»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ՎԻԶԱՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

«Մենք տեղյակ ենք ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման հարցում իրավիճակին, ուսումնասիրում ենք իրավիճակը, քննարկել ենք նաեւ դեսպանատների հետ, որովհետեւ, ի վերջո, դեսպանատներն են պատասխանատու վիզա տրամադրելու համար»,- դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Վիզաների դյուրացման գործընթացը շատ լավ արդյունքներ է տալիս, արդեն բազմաթիվ հայեր այցելել են ԵՄ: Մենք պատրաստ ենք շարունակել քննարկումները վիզաների ազատականացման ուղղությամբ, բայց որոշ ժամանակ պետք է սպասենք, տեսնենք՝ այս պրոցեսներն ինչ արդյունքներ են տալիս, որ այդ երկխոսությունը շարունակենք: Ինչպես գիտեք, այս հարցում պետք է լինի Եմ անդամ բոլոր երկրների կոնսենսուսը»,-ասաց նա:

 

 

 

ԱՅԴՊԵՍ ԷԼ ՔԱՅԼԵՐ ՉԱՐՎԵՑԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 22-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում էր ուղարկել՝ հարցնելով, թե Տավուշի մարզի տարածքում Դեբեդ գետի ափապաշտպան աշխատանքներ պետական բյուջեի միջոցներով երբ են նախատեսված, 2024 թվականին այդ աշխատանքները նախատեսված են արդյոք։ Մարզպետարանի պատասխանում նշված է. «Տավուշի մարզի Դեբետ գետի ափապաշտպան աշխատանքներ չի նախատեսված, քանի դեռ միջպետական հանձնաժողովի կողմից սահմանազատման աշխատանքները չեն ավարտվել»։

Հայաստանի անկախանալուց հետո  հայ-վրացական սահմանի սահմանազատումը չի ավարտվել, աակայն վրացիները քարերով   ամրացնում են Դեբեդի ձախ ափը, իսկ  Հայաստանի իշխանությունն անգործության է մատնված։ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական սահմանագծերից մեկը համարվում է Դեբեդ գետը։

Ձնհալքից եւ անձրեւներից վարարած Դեբեդը, հանդիպելով ամրացած վրացական ափին, մղվում է դեպի հայկական տարածք, քանդում, քշում-տանում տարածքներ։

2010թ. գարնանը Դեբեդը Դեբեդավան գյուղից քշել-տարել է 2,8 հեկտար տարածք, որից 7 հազար քառակուսի մետրը այդ գյուղի բնակիչ Ալեքսեյ Մելիքսեթյանի դեղձի այգին էր։  12 տարի առաջ հայ-վրացական հանդիպում է եղել, որի ժամանակ հայ գիտնականներից մեկը, ցույց տալով քարտեզը, ապացուցել է, որ Դեբեդի հունը փոխվելու հետեւանքով գետը մոտ 70 մետր խորացել է հայկական տարածքում, համապատասխան չափով Հայաստանի տարածքը փոքրացել է:

Դեբեդավան գյուղի վարչական ղեկավար Գեւորգ Սարգսյանի խոսքով՝ ամեն տարի գարնանը վարարած Դեբեդը ափամերձ հողերից, այգիներից կտորներ է պոկում-տանում։ Ափի վտանգավոր հատվածում են գտնվում գյուղի 7 բնակիչներին պատկանող հողերը, այդ թվում՝ Գեւորգի հոր հողամասը, անցած տարիներին Դեբեդը նրա  հոր հողամասից քշել-տարել է, այն կիսել է: Գյուղի վարչական ղեկավարն ասաց, որ  բնակիչներն այդ խնդրի վերաբերյալ դիմել են Տավուշի մարզպետարան եւ Շրջակա միջավայրի նախարարություն։ Խորհրդային ժամանակ Հայաստանի տարածքում՝ Դեբեդավանի ներքին մասում, հողից եւ քարերից պատնեշ կար, որը փակում էր վարարած գետի ընթացքը: Տարիների ընթացքում այն մաշվել, մի մասն է պահպանվել, Դեբեդի վարարումների, գետի հունը դեպի Հայաստան փոխվելու հետեւանքով պատնեշն ամբողջությամբ այժմ գտնվում է Վրաստանի տարածքում, վրացիները քարերով ամրացրել են այն։

2019թ. Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանն այցելեց հայ-վրացական սահմանի այդ հատված, ծանոթացավ Դեբեդի վարարումներից Հայաստանի տարածքի նվազելու խնդրին, որպեսզի հարցը ներկայացնի, քննարկվի կառավարությունում, գտնվեն լուծումներ, սակայն այդպես էլ քայլեր չարվեցին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս