Պայթյունի հետեւանքով եղբայրներից մեկը Ստեփանակերտում է մահացել, մյուսը՝ Երեւանում: «Հունվարի 23-ին եղբայրս՝ Արսենը, կդառնար 20 տարեկան, եթե սեպտեմբերի 25-ի այդ չարաբաստիկ պայթյունի օրը ստիպված չլիներ մի քանի լիտր բենզինի համար հերթ կանգնել եւ պայթյունի զոհ դառնալ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է քույրը՝ Անի Մարկոսյանը։
Արսենը ծնվել է Մարտակերտ քաղաքում զինվորականի ընտանիքում։ Այնուհետեւ տեղափոխվել է հայրենի Առաջաձոր գյուղ։ Առաջաձորում ավարտել է դպրոցը եւ մեկնել պարտադիր ժամկետային ծառայության, ապա անցել է պայմանագրային ծառայության՝ որպես ականանետի հաշվարկի հրամանատար։ ««Եղնիկներ» կոչվող տեղամասում իրականացնում էին սահմանային հերթապահություն։ Արսենը մինչեւ սեպտեմբերի 24-ը ծառայակից ընկերների հետ եղել է շրջափակման մեջ, սակայն այդ մասին մենք իմացել ենք միայն 24-ին, երբ հնարավոր եղավ նրանց շրջափակումից հանել: Ոչ մեկին հնարավոր չէր զանգել, եւ ոչ մեկից տեղեկություն չունեինք, որովհետեւ պատերազմի սկսվելուն պես երկրում ընդհատված էր հոսանքը եւ հեռախոսակապը»,- պատմում է քույրը:
Պատերազմն ավարտվել էր, իսկ թշնամին Ստեփանակերտի մատույցներում էր: Հանձնարարություն կար լքելու Արցախը: Շատերի պես նրանք եւս ընտանիքին տեղափոխելու պատասխանատվությունը վերցնում են իրենց ուսերին եւ սկսում վառելիք փնտրել:
«Երեք եղբայրներս սեպտեմբերի 25-ի վաղ առավոտյան դուրս են եկել տնից վառելիք փնտրելու, եղել են տարբեր լցակայաններում, բայց, ի վերջո, գնացել են Հայկազովում գտնվող ՊԲ պահեստ: Այստեղ երկար հերթ կանգնելուց հետո տեղի է ունենում պայթյունը, եւ նրանք տարբեր կարգի այրվածքներով տեղափոխվում են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց։ Սեպտեմբերի 26-ի վաղ առավոտյան գրանցվել է Արսենի մահը՝ 90% ախտահանությամբ։ Մյուս եղբորս ծանր այրվածքներով տեղափոխում են Երեւան, սակայն նրա կյանքը փրկել նույնպես հնարավոր չեղավ: Բժիշկներին հրաշքով հաջողվել է փրկել միայն փոքր եղբորս կյանքը»,- ասում է մեր զրուցակիցը։
Արսեն Մասիսի Մարկոսյանը մեկն է այն հարյուրավոր տղաներից, որոնք անձնվիրաբար կռվեցին, պայքարեցին հանուն հայրենիի, մազապուրծ փրկվեցին թշնամու գնդակից, սակայն, ցավոք, զոհ դարձան դեռեւս չպարզված հանգամանքներում սեպտեմբերի 25-ին Հայկազովի զորամասի պահեստում տեղի ունեցած պայթյունին:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի փոփոխությունն ու լրացումն է:
Գործընթացի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի եւ Հայաստանի Հանրապետության «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով: Նախագծի ընդունումը կարեւորվում է Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գույքագրման եւ նշյալ կոնվենցիայի 12-րդ հոդվածի պահանջները բավարարելու անհրաժեշտությամբ: Սույն որոշման նախագծով Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 19 տարրերից, համալրվում է եւս 14-ով:
Այդ 33 արժեքներն են՝ «Մոմերով պար», «Յոթը քար», «Քարկտիկ», «Գյումրիի ատաղձագործությունը», «Ածիկի պատրաստման ավանդույթը», «Կարճեւանի բարբառ», «Մեղրի համայնքի չաթանագործության ավանդույթը», «Գորիս եւ Սիսիան համայնքների բրուտության ավանդույթը», «Ամբողջահատիկ ալյուրից եւ թթխմորից հացի պատրաստման եւ կիրառման ավանդույթը», «Դափի, սանթուրի, սազի կատարողական եւ նվագարանագործական ավանդույթը», «Կաթնավով մատաղ» եւ «Բուկա բարանե ծես» արժեքները: Միեւնույն որոշմամբ՝ լրամշակվել են նախկինում գրանցված «Կարոս խաչ» վիպասք, «Լարախաղացություն», «Վիճակի երգեր», «Ժողովրդական ավետիսի երգեր», «Խաչբուռ» արժեքների մասին տեղեկությունները:
Հավելենք, որ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերում ներառվում են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունն առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու եւ միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության աստիճանը բարձրացնելու գործընթացին:
ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ՝ 17-ՐԴ ՏՈՒՐՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներ, «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանն ընդգրկվել են Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ ռուսական Championat.com-ի վարկածով։
Դարպասապահ՝ Արթուր Նիգմատուլին («Պարի Նիժնի Նովգորոդ»)։
Պաշտպաններ՝ Կիրիլ Գոցուկ («Պարի Նիժնի Նովգորոդ»), Վիլիան Ռոշա (ԲԿՄԱ), Գեորգի Հարությունյան («Կրասնոդար»)։
Կիսապաշտպաններ՝ Նաիր Տիկնիզյան («Լոկոմոտիվ»), Անտոն Զինկովսկի («Սպարտակ»), Վիկտոր Մենդես (ԲԿՄԱ), Իլզատ Ախմետով («Կրասնոդար»), Բեռնարդ Բերիշա («Ախմատ»)։
Հարձակվողներ՝ Ֆյոդոր Չալով (ԲԿՄԱ), Մաքսիմ Գլուշենկով («Լոկոմոտիվ»)։
Գլխավոր մարզիչ՝ Միխայիլ Գալակտիոնով («Լոկոմոտիվ»)։
ՕԲԼԱԿԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը մեկնաբանել է «Բարսելոնայից» կրած 0:1 հաշվով պարտությունը Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղում։ Միակ գոլը խփել էր այս ամռանը «Աթլետիկոյից» վարձակալությամբ «Բարսելոնա» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։
«Շատ ցավալի է անմիջական մրցակցից պարտություն կրելը։ Այնքան էլ լավ չսկսեցինք հանդիպումը, անիմաստ վատնեցինք ժամանակն առաջին խաղակեսում։
Եթե ամբողջ հանդիպման ընթացքում խաղայինք այնպես, ինչպես վերջնամասում, ապա գոլ խփելու ավելի շատ հնարավորություններ կունենայինք։
Վատ սկսեցինք հանդիպումը եւ պատժվեցինք։ Բացատրություն չունեմ, թե ինչու այդպես ստացվեց։ Ոչինչ չէինք կարողանում անել, չէինք ցանկանում պայքարել գնդակի համար, խայտառակություն է»,- Օբլակի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Աթլետիկոն» «Բարսելոնայի» խաղադաշտում չի հաղթել 2006 թվականից։
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԵՏ
Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն հայտնել է, որ ակումբն ակտիվ աշխատանք է կատարում Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ համագործակցությունը երկարաձգելու ուղղությամբ։
«Մենք ցանկանում ենք շարունակել մեր համագործակցությունը Մխիթարյանի հետ։ Մենք հիմա արագացնում ենք Հենրիխի հետ բանակցությունները»,- Աուզիլիոյի խոսքը մեջբերում է twitter.com/NicoSchira-ն։
34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։