Նոր սերիալ. ժողովուրդը՝ «մասովկայի» դերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական տխրահռչակ հեռուստասերիալների սյուժեներին ծանոթանալու համար բավական է դիտել դրանցից միայն մեկը, մնացածն արդեն պարզ կլինի. Ամեն ինչ շատ խճճված է, անհասկանալի, միևնույն ժամանակ՝ պրիմիտիվ ու կանխատեսելի։ Նույնը Հայաստանի քաղաքական դաշտում է՝ անիմաստ խճճված, բայց պարզունակ ու կանխատեսելի։ Բարդ կոմբինացիաների մեր քաղաքական ուժերը դեռևս ընդունակ չեն։

Օրինակ ԲՀԿ-ն հանդիպումներ է ունենում, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը հանդիպեցին՝ կրկին սերիալային մակարդակով։ Կանխատեսելի էր, որ հերթը «Ժառանությանն» է, պարզից էլ պարզ։ Բայց այստեղ էլ է սցենարը բարդանում. 2 օր առաջ կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ասում է, թե իրենք ԲՀԿ-ի կողմից առաջարկ չեն սպասում, իսկ այսօր արդեն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում է, թե քննարկման փուլում է հանդիպման տեղը և ժամանակը, ինչպես նաև՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունը։ Այսինքն, առաջարկը կա, եղել է, պարզապես կուսակցության տարբեր ներկայացուցիչների խոսքերն են միմյանց հակասում, քանի որ տեղյակ չեն միմյանցից։ Հայաստանի դեպքում սա նորմալ է։

Առավել ուշագրավ է Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցել-չմասնակցելու հարցը։ Չէ՞ որ ԲՀԿ-ՀԱԿ հանդիպմանը Լևոն Տեր-Պետրոսյանը չէր մասնակցել։ Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կա՛մ ուզում է հետևել Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակին, կա՛մ էլ Ծառուկյանի հետ հանդիպմանը գնալու փոխարեն տեղակալներին ուղարկելն ընդդիմադիր ուժերի մոտ ուզում է սովորույթ դառնալ։ Այստեղ, իհարկե, մի ենթադրություն էլ կարելի է անել՝ միգուցե քաղաքական ուժերի առաջնորդներն ակնկալում են միանգամից Ռոբերտ Քոչարյանի հե՞տ հանդիպել, Սերժ Սարգսյանի ասածի պես՝ ձուկը գլխից բռնել։

Ամենասերիալայինն այստեղ, իհարկե, ՀՀԿ-ականների անմեղսունակ պահվածքն է, այն կատարյալ հանգստությունը, որը նրանք ցուցաբերում են այս օրերին։ Թվում է, թե պետք է խուճապի մեջ լինեն, քանի որ քաղաքական ուժերը համախմբվում են իրենց դեմ, բայց դատելով նրանց հարցազրույցներից և մեկնաբանություններից՝ նույնիսկ կարելի է տպավորություն ստանալ, որ ՀՀԿ-ականները երջանիկ են։ Ընդ որում, երջանիկ են գրեթե բոլորը՝ ծերակույտից սկսած, երիտհանրապետականներով վերջացրած։ Բոլորը, խոսքները մեկ արած, դրական են գնահատում ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացման փորձերը՝ ասելով, թե ուժեղ իշխանությանը պետք է ուժեղ ընդդիմություն։ Սա, իհարկե, գալուստսահակյանական գաղափարախոսության դրսևորում է, հատկապես, որ ինքը Գալուստ Գրիգորիչն էլ չի զլանում նույն միտքն արտահայտել։ Նրան օգնության են հասնում Մկրտիչ Մինասյանը, ապա՝ Շարմազանովը։ Նույնիսկ տարիքային բալանսն են ապահովում։ Եվ բոլորը հանգիստ են, բոլորը՝ չափից դուրս բարի ու հանդուրժող։

Հետաքրքիր է՝ որտեղի՞ց այս հանգստությունը, միգուցե սերիալի ավարտը շատ կանխատեսելի՞ է, ինչպես նախորդ սերիալների դեպքում՝ Ծառուկյանի չառաջադրվելը, կամ էլ ապրիլի 9-ի հանրահայտ աղոթքը։ Բացի այդ, ՀՀԿ-ականները սկսել են հաճախ շեշտել, որ Ծառուկյանը կոալիցիայի անդամ է եղել և երբեք չի գործի ի վնաս պետության։ ԲՀԿ-ականներն էլ իրենց հերթին ասում են, որ ինչ անում են, անում են հանուն ժողովրդի։ Դե՛, պետություն և ժողովուրդ ասելով՝ իշխանական և մերձիշխանական ուժերը, որպես կանոն, նկատի են ունենում իրենք իրենց, այնպես որ, սերիալի սցենարը սցենարի հեղինակն ու ռեժիսորն են որոշում, ամենամեծ հոնորարները ստանում են գլխավոր դերակատարները, իսկ ժողովուրդն ընդամենը «մասովկան» է ապահովում՝ անվճար։

Կարեն Վարդանյան

 




Լրահոս