ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմությունը կողմ կքվեարկի՞ Երևանի հաջորդ տարվա բյուջեի նախագծին․ ինչ որոշում ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 26-ին Երևանի ավագանին այս տարվա վերջին նիստ կանի։ Նիստին քննարկվելու և ավագանու հաստատմանն է ներկայացվելու համայնքի 2024թ-ի բյուջեն և զարգացման հնգամյա ծրագիրը:

Բյուջեն և զարգացման ծրագիրն ավագանու անդամներին է ներկայացնում համայնքի ղեկավարը, իսկ ավագանին դրանք հաստատում և ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ, այսինքն՝ այդ օրը նիստին ներկա ավագանու անդամների մեծամասնության քվեարկությամբ:

Իշխող «Քաղաքացիական պայմանանագիր» խմբակցությունը և նրանց հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն»-ը ավագանիում միասին ունեն 32 մանդատ, իսկ ընդդիմադիր թևից հանդես եկող 3 խմբակցությունները՝ «Ազգային առաջընթաց»-ը, «Մայր Հայաստան»-ը և «Հանրային ձայն»-ը միասին ունեն 33 մանդատ։

Ստացվում է՝ ծրագիրը և զարգացման ծրագիրը հաստատելու համար իշխանություններին անհրաժեշտ է լինելու ընդդիմությունից հավելյալ մեկ ձայն ստանալ:

Իսկ ի՞նչ տրամադրվածություն ունեն ընդդիմադիր 3 խմբակցություննրը՝ «Ազգային առաջընթաց»-ը, «Հանրային ձայն»-ը և «Մայր Հայաստան»-ը:

ArmLur.am-ի հետ զրույցում ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ ֆինանսիստների աշխատանքային խումբ են ստեղծել, որոնք ուսումնասիրում են բյուջեի նախագիծը, ըստ այդմ կորոշեն՝ մասնակցեն բյուջեի քննարկմանը, թե՝ ոչ։

«Դեռ ֆրակցիայի նիստ պետք է անենք, ֆինանսիստների խումբը մեզ կներկայացնի բյուջեի նախագծի հետ կապված նրբությունները, ըստ այդմ՝ մենք որոշում կկայացնենք: Խմբակցության նիստը տեղի կունենա ավելի ուշ՝ ավագանու նիստի նախորդող օրերին: Վերջնական որոշում այս պահին դեռ չունենք»,-ասաց նա:

Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն էլ ասաց, որ դեռ քննարկումներ են ընթանում, իսկ որոշում մասնակցության մասով դեռ չունեն:

«Մենք էլ ենք ուսումնասիրում, վերջում կորոշենք՝ գնա՞նք , թե՝ ոչ, դա նաև կախված է մյուս ֆրակցիաների որոշումներից»,-ասաց նա։

«Մայր Հայաստան»-ից ևս ArmLur.am-ին փոխանցեցին, որ դեռ որոշում չունեն՝ ինչպես են վարվելու, քանի որ դեռ բյուջեն են ուսումնասիրում:

Կհաջողվի՞ արդյոք իշխանություններին մեկ ձայն կորզել ընդդիմադիրներից, կհաստատվի՞ մայրաքաղաքի հաջորդ տարվա բյուջեն՝ պարզ կդառնա դեկտեմբերի 26-ին:

Հավելենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ համայնքի բյուջեն չընդունվելու դեպքում նոր բյուջեի նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել համայնքի ավագանին` համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ կամ համայնքի ղեկավարը` հրավիրելով արտահերթ նիստ:

Եթե ավագանին մինչև տարվա սկիզբը համայնքի բյուջեն չի ընդունում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

Համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում՝ համայնքի ղեկավարը կարող է դնել հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս