ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻ ՉԼՈՒԾՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թ.-ից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար օրենքով քրեական պատիժ է սահմանվել, ըստ որի՝ թափառող շներին այլեւս չեն վերացնի, այլ կկատարեն ստերջացում ու վնասազերծում: Ցավոք, ստերջացման ու վնասազերծման աշխատանքները տարվում են միայն մայրաքաղաքում, իսկ մարզերում հաստատված որոշում ու հատկացվելիք գումարը բացակայում է, ըստ այդմ էլ՝ խնդիրը վերջնական լուծում չի ունենում:

 

«Ժողովուրդ» օրաթերթի կատարած վիճակագրության համաձայն` վերջին տարիներին մարդկանց վրա կենդանիների հարձակման դեպքերը շատացել են: Նախորդ տարի այդ թիվը կազմում էր 5544, իսկ այս տարի այն աճել է` հասնելով 6919 դեպքի: 2023թ.-ի hունվարից առ այսօր գրանցված դեպքերից 3546-ը եղել է տնային պայմաններում պահվող շների կողմից, 3253-ը՝ թափառող շների, իսկ 120-ը՝ վայրի կենդանիների կողմից: Կենդանիների հարձակումից գրանցվել են նաեւ մահվան դեպքեր. 2023թ. միայն հունիս ամսում գրանցվել է 22 շների հարձակման դեպք, հուլիսին՝ Սպիտակում, օգոստոսի 30-ին Եղեգնաձորում շների ոհմակը հարձակվել էր 4 երեխայի վրա, սեպտեմբերի 8-ին՝ Արմավիրի Նորապատ համայնքում, նոյեմբերի 1-ին Արմավիր մարզի Մերձավան համայնքում շան հարձակումից մահացել է 76-ամյա կինը, վերջերս՝ դեկտեմբերի 6-ին, Արարատի մարզ Սուրենավան համայնքում շների հարձակման հետեւանքով 7-ամյա երեխան վախից ընկել էր՝  եզրաքարին հարվածելով գլուխը։ Նա մահացել է:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության հետ՝ պարզելու՝ որն է տարեցտարի աճող թվի պատճառները, եւ թե ինչ քայլեր են առաջարկում նրանք՝ խնդիրը վերջնականապես լուծելու համար:

«Ես ինչքան կարողանում եմ, շներին օգնում եմ, խնամում եմ: Ներկա պահին խնամում եմ մի փոքրիկ շան ձագուկ, որի փաստաթղթերը կազմելուց հետո հանձնելու եմ որդեգրման: Շունը մեղավոր չէ, նա բանականություն չունի: Այդ հարցով պետք է զբաղվեն պետական մարմիները՝ կասեցնելու շների հարձակման դեպքերը: Հարցը լուրջ խնդիր է, եւ միայն Կառավարությունը կարող է այն լուծել, բայց ոչ թե սպանդով, այլ կոնկրետ քայլերով»,- ասում է «Դինգո թիմ» հասարակական կազմակերպություն պատասխանատու Շաքե Մարգարյանը:

«Ծնողներն էլ պետք է աշխատեն, որպեսզի երեխաները չվախենան կենդանիներից: Ես ինքս աշխատել եմ ինձ վրա այնքան, որ հիմա կենդանի եմ խնամում: Ես աշխատել եմ ինձ վրա, ինձ մոտ ստացվել է, եւ համոզված եմ՝ բոլորի մոտ է ստացվելու»,- եզրափակեց Շաքե Մարգարյանը: Խնդրով պայմանավորված՝ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է կապվել Երեւանի քաղաքապետարանին կից գործող «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի պատասխանատուների հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՊԵՏԲՅՈՒՋԵ

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող մի քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նոր դեպքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Մասնավորապես, նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սուրճի, ձեթի, մակարոնի եւ պարենային այլ ապրանքների առեւտրով զբաղվող «Պ.Ֆ.» ՍՊ ընկերության պատասխանատու անձինք պակաս հարկեր վճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները, 2021 թվականի հունվար ամսից մինչեւ 2022 թվականի օգոստոս ամիսը ներառյալ թաքցրել են ընկերության շուրջ 1 130 000 000 ՀՀ դրամի շրջանառությունը, վաճառքներ իրականացնելիս դուրս չեն գրել հարկային հաշիվներ եւ չեն տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ, իսկ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մտցրել են խեղաթյուրված տվյալներ։

Կատարված հարկային պարտավորությունների հաշվարկի համաձայն՝ հիշյալ ժամանակահատվածում պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 358 000 000 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ եւ շահութահարկ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։

Նախաքննությամբ ձեռք բերված անհերքելի փաստերի ներքո «Պ.Ֆ.» ՍՊ ընկերության տնօրենն ընդունել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հանգամանքը եւ ամբողջությամբ պետական բյուջե է վերականգնել նախկինում չվճարված հարկի գումարը եւ հաշվարկված տույժերը, որոնք ընդհանուր կազմել են շուրջ 413.000.000 ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 07:46-ին, ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային ավտոկայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, գլորվել եւ բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը 3 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։01-ին, մարվել՝ 08։19-ին։ Այրվել է ավտոմեքենան:

 

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մալաթիայից «Աստղիկ» բժշկական կենտրոն կրծքավանդակի հատվածում վիրավորում ստացած մի տղամարդ է տեղափոխվել։ 24-ամյա երիտասարդը հրաժարվում է հրազենային վնասվածքի վերաբերյալ հայտնել։

Իրավապահներն այս պահին վարչական շրջանում ստուգումների գործընթաց են սկսել դեպքի հանգամանքները պարզելու համար։

 

 

 

ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ

Երեկ «Մեդիա» կենտրոնում տեղի  ունեցավ քննարկում՝ «Հայաստանում երաշխավորվա՞ծ է մարդու իրավունքների պաշտպանությունը? 2023-ի ամփոփում» թեմայով։ Քննարկման ժամանակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Արաքս Մելքոնյանը նշեց, որ Եռաբլուրում 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն կատարելու գործը կարճվել է։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների 40 ծնող էր բերման ենթարկվել, ոստիկանները բռնություն կիրառելով էին նրանց բերման ենթարկել, քաշքշել, վնասվածքներ պատճառել։

Բանակի մեքենան վաճառեցին

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Էռնեստ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2020 թվականի սեպտեմբերի 28-ից Ռաֆայել Բեգլարի Բարսեղյանի հետ ներգրավված լինելով Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին եւ գտնվելով ԱՀ Հոռաթաղ գյուղի մերձակայոքում, 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, գաղտնի հափշտակել են Հոռաթաղ գյուղի զորամասի պարսպից դուրս կայանված, Վիտալի Ռոբերտի Կարապետյանին պատկանող եւ ԱՀ պաշտպանության բանակին հատկացված «??? 396252» մակնիշի, XTT396252D0483927 նույնականացման համարով, 35MN852 համարանիշի ավտոմեքենան, այնուհետեւ այն տեղափոխել են Երեւան քաղաք, իսկ 2020 թվականի նոյեմբերի 1-ին 1000 ԱՄՆ դոլար գումարով վաճառել Երեւան քաղաքի բնակիչ Հրաչյա Հենրիկի Սարգսյանին՝ Վիտալի Ռոբերտի Կարապետյանին պատճառելով խոշոր չափի՝ 2.700.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս