Մաքսազերծման ժամկետների երկարացում կամ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվելու․ ՊԵԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 30.11.2023 թ. թիվ 2076-Ն որոշման ուժի մեջ մտնելուց հետո արդեն իսկ մաքսազերծվել է ժամանակավոր ներմուծված 1700 թեթև մարդատար տրանսպորտային միջոց։

«Կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է հիշյալ որոշմամբ սահմանված ժամկետում՝ մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, մաքսազերծել ֆիզիկական անձանց կողմից մինչև սույն թվականի դեկտեմբերի 4-ը ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, քանի որ ժամկետների երկարացում կամ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվելու։

Միաժամանակ, խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին, քանի որ համացանցի տարբեր հարթակներում և խմբերում անհայտ անձանց կողմից տարածվում են բողոքներ կազմակերպելու կոչեր և կեղծ խոստումներ՝ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ ապահովելու ուղղությամբ»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։




Լրահոս