Պատմական իրադարձություն՝ հայկական կապիտալի շուկայում: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի կապիտալի շուկայում` 32 մլրդ դրամի չափով, 11.4% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով և արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է:
ՀԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, պարտատոմսերի թողարկման հանդիսավոր արարողության ժամանակ իր խոսքում նշում է՝ «Պարտատոմսերի թողարկման նպատակը ընկերության վարկերի վերաֆինանսավորումն է, ինչպես նաև ներդրումային ծրագրի շարունակակնության ապահովումը»:
Պարտատոմսերի հիմնական պոտենցիալ ներդրողները հայկական բանկերն ու կենսաթոշակային հիմնադրամներն են, միևնույն ժամանակ պարտատոմսերի ձեռբերման գործընթացն առավելագույնս պարզեցված է ֆիզիկակակն անձ ներդրողների համար՝ յուրաքանչյուր ցանկացող կարող է ամբողջությամբ օնլայն ու ավտոմատացված եղանակով ՀԷՑ-ի պարտատոմսեր գնել՝ օգտվելով MyArmenia հավելվածի MyInvest հարթակից:
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն էլ նշում է՝ «սա պատմական իրադարձոթյուն է հայկական կապիտալի շուկայի համար»։
Ակնկալվում է, որ ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո պարտատոմսերը կունենան նաև ակտիվ և խորը երկրորդային շուկա՝ շնորհիվ պարտատոմսերի աննախադեպ մեծ ծավալի և պրոֆեսիոնալ շուկա ստեղծողների:
Քրիստինա Մուշեղյան