ԱՌԵՎՏՈՒՐ ԵԱՏՄ-Ի ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ կառավարությունը դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:

 

Համաձայնագրի հիմնական  խնդիրներն են՝

-Ազատ առեւտրի մասին համաձայնագրի շրջանակներում Ժամանակավոր համաձայնագրի կարգավորիչ մասի օգտագործումը որպես բանակցությունների հիմք՝ կարգավորիչ միջավայրը էականորեն բարելավելու համար։

-Իրանական շուկա ապրանքների առավելագույն հնարավոր տեսականու համար առանց մաքսատուրքի մուտքի ապահովում՝ միաժամանակ ապահովելով Ժամանակավոր համաձայնագրում պարունակվող մուտքի պայմանների չվատթարացումը ներմուծման մաքսատուրքերի վերացման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռք բերման անհնարինության դեպքում։

Համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ իրավական եւ հորիզոնական պարտավորությունները, փոխադարձ առեւտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, մրցակցությունը, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումները, առեւտրում տեխնիկական խոչընդոտները, ծագման կանոնների որոշումը, վեճերի լուծումը, պետական գնումները եւ այլ բնագավառներին առնչվող խնդիրներ: Համաձայնագիրը նախատեսում է ապրանքների արտահանման եւ ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաեւ առեւտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում:

Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաեւ կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների հանդեպ կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ:

Գյուղատնտեսական ապրանքների մասով հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ, եւ որոնք ունեն նաեւ մեծ տեսակարար կշիռ ՀՀ-ից Իրան արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային եւ գազավորված ջրեր, ոչ ոգելից խմիչքներ, շոկոլադ, հրուշակեղեն, ծխախոտ, ոչխարի միս, որոնց նկատմամբ կիրառվելու է Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր։

Արդյունաբերական  ապրանքների մասով հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ, եւ որոնք ունեն նաեւ մեծ տեսակարար կշիռ Հայաստանից Իրան արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային հումք (պղնձի եւ ցինկի հանքաքար, մոլիբդենի հանքաքար), արծաթե իրեր, պղնձի անոդներ, գոլորշու գեներատորներ, էլեկտրոնային ծխախոտ, թերմոստատներ եւ այլն: Կազատականացվի մուտքը իրանական շուկա նաեւ  էլեկտրաէներգիայի, օգտագործված մարտկոցների համար, կնվազեցվեն Իրան ներմուծման մաքսատուրքերը ոսկերչական իրերի եւ դեղամիջոցների համար։

ՀՀ տնտեսության համար առավել զգայուն որոշ գյուղապրանքների մասով առաջարկվել է պահպանել եւ կիրառել ԵԱՏՄ տարածք ներմուծման սեզոնային սակագնային քվոտավորում՝պղպեղ, սմբուկ, ձմերուկ եւ սեխ, ինչպես նաեւ սակագնային քվոտավորում՝ արդյունաբերության ոլորտում պլաստմասից արտադրանքի մասով։

Հավելենք, որ համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առեւտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ:

Համաձայնագրի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մատակարումը Իրան ապահովվելու է առանց անցումային ժամանակաշրջանների։

Համաձայնագրի կնքմամբ կանխատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն իրանական շուկայում, դրա հաշվին ավելացնել ապրանքների արտահանումը Իրան, ակտիվացնել կոոպերացիոն եւ ներդրումային համագործակցությունը:

 

 

 

ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երասխի մետալուրգիական գործարանը, որը պարբերաբար ադրբեջանական կողմի կրակի տակ էր, կտեղափոխվի ու կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում:

 

Կառավարության նիստում հաստատված որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս տարածաշրջանում առկա է ամրանների մեծ պահանջարկ, եւ, ըստ հաշվարկների, այն կպահպանվի եւս 10-15 տարի, որը պայմանավորված է թե՛ Հայաստանում շինարարության մեծ ծավալներով, թե՛ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով մատակարարման ծավալների կտրուկ անկմամբ:

Գործարանի տեղակայման համար կատարել են ուսումնասիրություններ եւ ընտրել Արարատի մարզի Երասխ համայնքին մերձակա արտադրական նշանակության տարածքներից մեկը։

Արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչեւ 500 աշխատատեղ (առաջին փուլով՝ մոտ 240)։  Գործարանը կունենա 200-250մլն ԱՄՆ դոլարի տարեկան շրջանառություն։

Առաջին փուլով նախատեսվում է կառուցել սեւ մետաղի ջարդոնի վերամշակման գործարան՝ տարեկան 100-120 հազար տոննա արտադրողականությամբ, երկրորդ փուլով արտադրական ծավալները կկրկնապատկվեն, եւ կկառուցվի նաեւ այլ մետաղական կոնստրուկցիաների եւ արտադրատեսակների գործարան (խողովակներ, տարբեր հատվածքի պրոֆիլներ, կոնտեյներներ եւ այլն):

Հավելենք, որ սկզբնական անհրաժեշտ ներդրումը կազմում է մոտ 29,9 միլիոն ԱՄՆ դոլար, որը կստացվի կանոնադրական կապիտալում ներդրման եւ ֆինանսական հաստատություններից ստացված փոխառության միջոցով։

«ՀՀ կառավարությունից ակնկալում է գործուն եւ արագ արձագանք գործարանի կառուցման վայրի տեղափոխման, արդեն իսկ կատարված ներդրումերի փոխհատուցման, բանկային ֆինանսավորման աջակցության եւ հնարավոր տեղափոխման արդյունքում առաջացող վարչարարության հարցերում: Ըստ այդմ՝ առանձնացնում ենք հետեւյալ խնդիրը՝ 8.91000 հեկտար արտադրական հողատարածքի տրամադրում Արարատ խոշորացված համայքում»,- ասվում է հիմնավորման մեջ։

 

 

 

ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄՆ ՈՒ ՆԻՍՏԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ կառավարությունը երեկ հաստատեց Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերի եւ համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման եւ անցկացման աշխատակարգը։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ նախագծի ընդունման հիմքում ընկած է հանձնաժողովների միջեւ սույն թվականի նոյեմբերի 30-ին ձեռք բերված եւ համաձայնեցված աշխատակարգի տեքստը, որի համաձայն՝ աշխատակարգը պետք է հաստատվի երկու երկրների կառավարությունների կողմից։

«Աշխատակարգով սահմանվում են երկու պետությունների ստեղծած սահմանազատման հանձնաժողովների հարաբերություններն ու նիստերի անցկացման ու համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ընթացակարգերը։ Մասնավորապես՝ սահմանվում է, որ նիստերի անցկացման ամսաթիվը, ժամը եւ վայրը որոշվում են հանձնաժողովների նախագահների միջեւ համաձայնությամբ։ Նիստերը, որպես կանոն, անցկացվում են հաջորդաբար Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքում, կամ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին կամ երրորդ երկրների տարածքում, ինչպես նաեւ տեսակոնֆերանսի ձեւաչափով։

Այն դեպքում, երբ նիստերն անցկացվում են հանձնաժողովներով ներկայացված պետություններից մեկի տարածքում, ընդունող կողմը ստեղծում է դրանց անցկացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները, այդ թվում՝ ապահովում եւ երաշխավորում է բոլոր մասնակիցների անվտանգությունը։ Աշխատակարգը սահմանում է նաեւ այլ անհրաժեշտ կարգավորումներ»,-նշեց Մկրտչյանը։

Հաելենք, որ նախարարի տեղակալն ընդգծեց՝ նախագծի ընդունումը կարեւոր քայլ կլինի հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման իրավական հիմքերի ամրագրման գործում, որի վրա հենվելով՝ հանձնաժողովները կկազմակերպեն իրենց հետագա գործունեությունը։

«Աշխատակարգի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների անդամներին հնարավորություն է ընձեռնվում նիստերի անցկացման եւ համատեղ աշխատանքների իրականացման միջոցով ստեղծել հիմքեր սահմանազատման եւ սահմանագծման գործընթացների, դրանց իրավական եւ տեխնիկական ասպեկտների մշակման համար՝ հետագայում երկու պետությունների միջեւ պետական սահմանի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ մշակելու եւ ստորագրելու նպատակով»,- եզրափակեց Մկրտչյանը։

 

 




Լրահոս