Արամ Ա կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնել Երուսաղեմի հայ համայնքին «Կովերի պարտեզ»-ի հարձակման կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը անդրադարձել է Երուսաղեմում հայկական թաղամասի վրա տեղի ունեցած հարձակման դեպքին։

Այս մասին Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս, Ժընեւի եւ Երուսաղէմէն ներս գտնուող Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) պատասխանատուներուն ճամբով, մօտէն կը հետեւի Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանին շուրջ ստեղծուած մտահոգիչ կացութեան։

Ինչպէս Պատրիարքարանին կողմէ հրապարակուած եւ ստորեւ կցուած հաղորդագրութիւնը կը նշէ, շուրջ 30 անձերէ բաղկացած խումբ մը անծանօթ մարդիկ յարձակում գործած են Պատրիարքարանի միաբանութեան ու պաշտօնէութեան վրայ, իբրեւ բողոքի արտայայտութիւն «Կովերու Պարտէզ»ին գծով Պատրիարքարանին առած իրաւական քայլերուն։ Կան վիրաւորներ ու նիւթական վնասներ։

Ինչպէս միշտ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը իր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնէ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան ու հայ համայնքին եւ կոչ կ՚ուղղէ մեր ժողովուրդի զաւակներուն զօրավիգ կանգնելու Պատրիարքութեան իրաւունքներուն եւ ապահովութեան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 12:40-ին մոտ 30 ահաբեկիչ սև հագուստով ու դիմակներով՝ զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով:

Հարձակման ժամանակ նրանք քարեր են սկսել շպրտել հայերի վրա: Հայ երիտասարդներն ու անակնկալի եկած հայ հոգևորականները մարտի են բռնվել՝ համարժեք պատասխանելով ու պահելով տարածքը՝ մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող հին քաղաքի ոստիկանների օգնության հասնելը:

Երուսաղեմի պատրիարքարանից էլ հայտնել են, որ ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայաստանի աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղացի հայեր։ Հարձակումից հետո երկու հայ երիտասարդ է ձերբակալվել:




Լրահոս