Երևանում թալանել են գեներալ-մայորին պատկանող հյուրանոցը․ հափշտակել են չհրկիզվող պահարանը, որում եղել է մի քանի մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 29-ին Երևանում թալանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանին պատկանող «Ռենեսանս» հյուրանոցային համալիրը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկի Շամշյանը, այդ օրը ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստցավել նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից, Արարատի մարզի բնակիչ  41-ամյա Արմենակ Ղ․-ից, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 01։30-ից միչև 06։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են պատուհանը, մտել ներս և այնտեղից տարել չհրկիզվող պահարանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արմենակ Ղ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել է մի քանի մլն դրամ։




Լրահոս