Կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքում գոյություն ունեցող և գործող աղբավայրերի շահագործման, բարեկարգման և փակման նվազագույն նորմերը:
Ըստ հիմնավորման՝ հանրապետության բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել կամ տարերայնորեն ձևավորվել են բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ և լուրջ բնապահպանական ու սանիտարական խնդիրներ են առաջացնում:
Հանրապետությունում առկա գործող աղբի հեռացման վայրերը՝ աղբանոցները, չեն համապատասխանում միջազգային կամ որևէ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշներին և հանդիսանում են բացառապես աղբի կուտակման վայր: Դրանք հիմնականում չեն համապատասխանում հիգիենիկ և սանիտարական ստանդարտներին և շահագործվում են չհամակարգված: Մասնավորապես, բացակայում է ստորգետնյա ջրերի և արտանետվող գազերի վերահսկողությունը: Հիմնավորման համաձայն՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ նախատեսվում է «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի իրականացումը, որի շրջանակում նախատեսվում է գոտիավորել ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, ստեղծել ինստիտուցիոնալ և կառավարման արդյունավետ համակարգ, այնուհետև ըստ գոտիների իրականացնել կապիտալ ծրագրեր, այդ թվում՝ սանիտարական աղբավայրերի, աղբի տեսակավորման կայանների և հնարավոր վերամշակման գործարանների տեղակայմամբ՝ ապահովելով անհրաժեշտ լոգիստիկան։ Ներկայումս ընթացքում է նախնական ուսումնասիրությունների փուլը։
Այսպիսով՝ որոշմամբ առաջարկվում է էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրերի բացասական և վտանգավոր ներգործության նվազեցման ու չեզոքացման նպատակով սահմանել գործող աղբանոցների շահագործման, բարեկարգման և փակման համար նվազագույն նորմերը։ Մասնավորապես՝ ամրագրվում են, թե ինչպիսի աղբ չի թույլատրվում տեղադրել կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում, աղբավայրի տարածքում աղբի այրման արգելքը, հակահրդեհային միջոցների ձեռնարկման պահանջները։
Որպես նվազագույն նորմ ու պահանջ՝ սահմանվում են աղբավայրի տարածքի սահմանազատումը ցանկապատով, մուտքերի կահավորումը, շահագործման ընթացքում աղբի պարբերաբար խտացման/տոփանման, խոնավացման և հողի շերտով մեկուսացման գործընթացները։ Աղբավայրի տարածքում ջրի և ախտանիչ նյութերի առկայության պարտադիր պահանջը, աղբավայր տեղադրվող աղբի հաշվառման համակարգի ներդնումը, աղբավայրի շահագործման պլանի մշակումը, աղբի ընդունման գրանցամատյանի վարումը, ինչպես նաև փակման ենթակա աղբավայրերի փակման նվազագույն նորմերը պահանջները, այդ թվում՝ հողածածկման և հանքային ու դրենաժային շերտերի կիրառմամբ։