Նորից ակտիվացել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտալուտ պաշտոնանկության վերաբերյալ խոսակցությունները: Եվ հերթական անգամ որպես նրան փոխարինող հիշատակվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր, ՀՀ մշակույթի նախկին նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի անունը:
Ըստ այդ նույն խոսակցությունների ` Հասմիկ Պողոսյանի համար էլ արդեն պաշտոն է գտնվել ` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնը:
Վերոնշյալ խոսակցությունների իսկությունը պարզելու նպատակով դիմեցինք ՀՀ մշակույթի նախարարություն, որի հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ իրենք նման տեղեկատվության չեն տիրապետում, ուստի այդ խոսակցությունները չեն մեկնաբանում: Իսկ ինչ վերաբերում է «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնին, ապա այդ պաշտոնի համար նախարարությունը մրցույթ է հայտարարել: Մրցույթի պայմաններից է, մասնավորապես, մշակութաբանություն, արվեստաբանություն, պատմություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզու, մանկավարժություն և հոգեբանություն, արվեստի կառավարում (մենեջմենթ), թատերագիտություն, երաժշտագիտություն մասնագիտություններից որևէ մեկի առկայությունը (հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարը մասնագիտությամբ կենսաբան է-Ռ.Թ.):
Թեկնածուն պետք է ունենա թատրոնի զարգացման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն: Լրացուցիչ պայմաններից են առնվազն երկու օտար լեզուների իմացությունը, ֆինանսատնտեսագիտական գործունեության իրականացման կարողությունը, ինչպես նաև, օրինակ, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը, ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացությունը:
Վերջում նշենք, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն է, և հենց այդ օրվա վերջում մեզ կտեղեկացնեն, թե ովքեր են հայտ ներկայացրել: Իսկ մրցույթը կայանալու է 2014 թվականի ապրիլի 4-ին:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ