ԲՏԱ նախարարը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ:

Զարեհ Սինանյանը շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հաջողություններ մաղթել հետագա պաշտոնավարման ընթացքում:

«Վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր հեռանկարներ կարող է ապահովել բարձր տեխնոլգիաների ոլորտի զարգացման համար: Այս ոլորտը մեծ կարևորություն ունի մեր պետության համար, և համակարգային ուժի առկայությունը ու ներգրավվածությունը լուրջ խթան կարող են դառնալ դրա զարգացման գործում․ այստեղ մեր առավելությունը կարող է դառնալ նաև սփյուռքի մասնագիտական ներուժը»,- նշել է Զարեհ Սինանյանը:

Նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքի համար և ընդգծել, որ համագործակցության լայն դաշտ է տեսնում:

«Համագործակցության լուրջ նախադրյալներ կան տարբեր ոլորտներում, հատկապես տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, և համոզված եմ, որ շատ կարճ ժամանակում կարող ենք շոշափելի արդյունքներ գրանցել»,- ասել է նախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր, նախանշվել են համագործակցության առկա հնարավորությունները:




Լրահոս