Մի կաթնատու կովը կօգնի անապահով ընտանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

40-ամյա Սուրեն Ցակարյանը քսան տարուց ավել է, ինչ իր երկու դստեր, որդու (ով այժմ ծառայում է Հայոց բանակում), և կնոջ հետ ապրում է  Կոտայքի մարզի Արտավազ համայնքում: Ցակարյաններն այն խեղճ ընտանիքների շարքին են պատկանում, ովքեր եկամտի ոչ մի աղբյուր չունեն: Նրանք չեն օգտվում նույնիսկ ընտանեկան կամ օգնության նպաստից:

«Երկու տարի է նպաստից կտրված ենք: Ոչ մի տեղից գումար չենք ստանում: Երեք ամսով միայն գյուղից մեկի անասուններն եմ պահում, որի համար 40 հազար դրամ են վճարում: Դրանով մի կերպ, ծայրը ծայրին հասցնում ենք: Լույսի փող ենք տալիս, խանութի պարտքերն ենք փակում ու վերջ»,- ներկայացրեց Սուրենը: Իսկ ամռան և աշնան ամիսներին նա գյուղի բնակիչների այգիներում  հողագործական աշխատանքներ է կատարում, որի համար վճարվում է չնչին `  3000 կամ 5000 դրամի չափով:

Ցակարյանների ընտանիքի անդամները գյուղի խանութից պարտքով վերցնում են միայն առաջին անհրաժեշտության ապրանքները `  հաց, մակարոնեղեն, ձեթ, սուրճ, շաքարավազ:

Սուրենի ավագ դուստրը `  18-ամյա Վարսենիկը, հորն օգնում է հողագործական աշխատանքների ժամանակ. «Շատ կուզեի վարսահարդարի դասընթացների մասնակցել, բայց ափսոս գումար չկա: Սպասում ենք, թե երբ է գալու կարտոֆիլի ցանքի ժամանակը, որպեսզի գոնե մի փոքր գումար աշխատեմ ու հորս ուսերին ընկած հոգսը թեթևացնեմ»:

Վարսենիկն ունի առողջական խնդիրներ. նրան անհրաժեշտ է վահանաձև գեղձի շտապ վիրահատություն, որի համար, սակայն, նույնպես չկա անհրաժեշտ գումար: Սուրենի կինը ` տիկին Կարինեն, երազում է մի օր սեփական կով ունենալու մասին. «Գոնե պանիր, կաթ, մածուն կունենանք»:

Ցուրտ տունը տաքացնելու համար Սուրենն իր 18-ամյա դստեր հետ  գյուղին մոտ սարերից (մոտ 100 կմ) փայտ է կրում: «Գումար չունենք, որ մեքենայով իջեցնենք այդ փայտը, դրա համար ստիպված մենք ենք կրում բերում: Իսկ մեքենայով բերելու համար 40 հազար դրամ են պահանջում»,- նշեց Սուրենը:

Մի քանի օրից `  մարտի 13-ին, Սուրենի  կրտսեր աղջկա `  8-ամյա Լիաննայի ծնունդն է: Թե ինչպես պետք է ընտանիքն այդ օրը նշի, հայտնի չէ: «Ասում ա `  բոլոր էրեխեքն էլ իրենց ծնունդը նշում են, իսկ դուք իմը `  ոչ: Պապան էլ հույս է տալիս, թե կանենք, կանենք, մի մտածի: Բայց ո՞նց, ինքն էլ չգիտի: Հույս է տալիս, որ քույրիկս չնեղանա»,- թախծոտ ժպիտով նկատեց Վարսենիկը:

Armlur.am-ի այն հարցին, թե ինչ նվեր է ցանկանում, փոքրիկ Լիաննան պատասխանեց. «Մի հատ կով, որ կաթ տա, հեքիաթի գրքեր ու տետրեր»: Հուսով ենք, որ կգտնվեն բարի մարդիկ, ովքեր կցանկանան օգնել այս ընտանիքին:

 




Լրահոս