ՄԻ՛ ԿՈԴԱՎՈՐԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «ժողովուրդ»-ի խմբագրությունն անհայտ հեղինակներից բաց նամակ է ստացել, որում ահազանգվում է, որ մոլորակի բնակչության համարակալման, կոդավորման եւ չիպավորման գործընթացը սկսված է նաեւ մեր երկրում: Եւ որքան էլ տարօրինակ է, Հայաստանում այդ կարեւորագույն գործընթացի դեմ սկսված արշավն առայժմ անհայտ ղեկավարում ունի:  Պարզապես ինչ-որ մարդիկ թղթերի վրա տպագրված մտահոգություններ են տարածում` գերադասելով ձեռնպահ մնալ:
Իսկ ինչի՞ մասին է խոսքը: Համաձայն «Անհատական  համարանիշների մասին» 2002թ.-ի եւ «Անհատական ծածկագրերի մասին» 2003թ.-ի տեղեկատվական բրոշյուրների` մարդու կոդը եզակի է, կյանքի ընթացքում քաղաքացուն հատկացվում է մեկ անգամ եւ ենթակա չէ հետագա փոփոխման: Անհատական համարանիշը բաղկացած է թվային տասը նիշից: Այդ համարանիշն օգտագործվում է «անհատական տվյալների  էլեկտրոնային բազաներում  անձի նույնականացման համար», որն էլ մուտքագրում են համաշխարհային համակարգչային ցանցում: ՀՀ Սահմանադրական դատարանի  2006թ.-ի հոկտեմբերի 4-ի ՍԴՌ հայտնի որոշմամբ հակասահմանադրական ճանաչվեցին մարդուն ցմահ համարակալման պարտադրանքը  եւ «Սոցիալական քարտի մասին» օրենքը, որոնցով խախտվում էին ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացու բազմաթիվ իրավունքներ: Վերականգնվեցին  մարդկանց  խախտված իրավունքներն, ու սոցքարտի կիրառումը դարձավ կամավոր:
Սակայն ՀՀ նախագահի 2008թ.-ի մարտի 15-ի-53-Ա կանոնադրությամբ եւ ՀՀ վարչապետի 2009թ.-ի հունվարի 15-ի 40-Ն որոշմամբ` ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում պատրաստվել են «Հանրային ծառայությունների մասին» եւ «Կենսաչափական կողմնորոշիչներ  պարունակող  էլեկտրոնային անձագրերի մասին» օրենքների  նախագծերը:
«Ժողովուրդ»-ին ուղղված բաց նամակում ահազանգվում է, որ անձնական բնույթ կրող տեղեկությունները` ֆիզիկական, հոգեւոր, կենսաբանական, սեռական, տնտեսական, քաղաքական, տեղավորված են լինելու քարտի եւ անձնագրի միջի չիպում եւ տվյալների ազգային ու համաշխարհային  բազաներում: Արդյունքում` անհատի վրա մշտապես կախված է լինելու հետապնդվելու եւ այլ բռնությունների ենթարկվելու վտանգը` որպես ընդդիմադիր կամ անցանկալի անձ:
Իսկ դա նշանակում է, որ անհատի հանդեպ կատարվելու է տոտալիտար վերահսկում` ազատ մարդը դառնալու է անազատ ստրուկ, որը կախում ունի ուրիշի որոշումներից: Մեր ազգին բնորոշ  բարոյական,  հոգեւոր,  քաղաքական,  ռազմական, տնտեսական ու  մտավոր առանձնահատկությունները կդառնան թիրախ եւ կարող են ոչնչացվել` թշնամական կամ այլ նկատառումներից ելնելով: Փաստորեն, այդպիսով կարող է վտանգվել մեր երկրի անվտանգությունը:
Նամակի հեղինակներին զարմացնում է այն, որ մեր երկրի նախագահն իր կարգադրությամբ օժանդակում է այս գործընթացին: Նրանց համոզմամբ` մասոնական կազմակերպությունները` Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ը, Եվրամիությունը, Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ի մյուս ղեկավարներն ուրախությամբ գումարներ են տրամադրում բոլոր պետություններին այս գործընթացն իրականացնելու համար, ինչն էլ սաստիկ ուրախացրել է մեր պետական այրերին, քանի որ  նրանք դա ներկայացնում են մեզ որպես մեծագույն բարեգործություն: Այս գործընթացն իրականացնում են American Banknot ընկերությունը, «Նորք» ՏՎԿ-ն, «Ապագա տեխնոլոգիաներ» եւ այլ կազմակերպություններ:
Որպես հավելում նշվում է, որ այս ծրագիրը դադարեցնելու համար իրենք  խնդրանքով դիմել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին եւ քույր եկեղեցիների հովիվներին, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, «Նորք» ՏՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Չոբանյանին, ՀՀ ոստիկանության անձնագրային վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանին, բնակչության պետական ռեգիստրի  բաժանմունքի պետ Նելլի Ոսկանյանին  եւ այլոց,  որոնց ջանքերով ներդրվելու է դեռեւս չլսված էլեկտրոնային  վերահսկողության այս նոր համակարգը: Եւ քանի դեռ նշված օրինագծերը գտնվում են նախագծի կարգավիճակում, նամակի հեղինակները խնդրում են դրանք անվավեր ճանաչել կամ էլ պահանջում են, որ տվյալ համակարգը ներդրվի կամավորության սկզբունքով:
Պարզաբանումներ ստանալու համար «Ժողովուրդ»-ը դիմեց «Նորք» ՏՎԿ-ին, որի  տնօրեն Հայկ Չոբանյանը տեղեկացրեց, որ այո՛, Ազգային Ժողովում կա նույնականացման քարտերի համակարգերի վերաբերյալ օրենսդրական փաթեթ, իսկ ինչ վերաբերում է ներդրողին, ապա «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը ներդրումներ չի կատարում: Ներդրումներով  զբաղվում է էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման  գրասենյակը: «Այսօր ոչ ոք ոչ մեկի չի պարտադրում, որ ունենա սոցքարտ, քանի որ դա քաղաքացու սեփական կամքն է,-ասաց Հ.Չոբանյանը եւ հավելեց,-այո՛, ՀՀ սահմանադրական դատարանի 2006թ.-ի հոկտեմբերի 4-ի ՍԴՌ հայտնի որոշմամբ հակասահմանադրական ճանաչվեց մարդուն ցմահ համարակալման պարտադրանքը, բայց ասեմ, որ խոսքը  պարտադրման մասին է, իսկ մեզ մոտ արդյո՞ք կա պարտադրանք: Կարող եմ հավաստիացնել, որ եթե քաղաքացին չի ցանկանում ունենալ սոցիալական քարտ, ապա  դրա փոխարեն մենք վերջինիս տրամադրում ենք տեղեկանք, որում նշվում է, որ տվյալ անձնավորությունը  չունի սոցքարտ»:

ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ




Լրահոս