Արցախցիներին ընդունած ամենամեծ թվով համայնքը Մասիսն է՝ 12 հազարից ավելի․ Մասիսի համայնքապետարանի մամուլի քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023-ի սեպտեմբերյան դեպքերից հետո արցախցիները վերաբնակվել են Հայաստանի տարբեր մարզերում։ Նրանց մեծ մասը Երևանին մոտ քաղաքներում և գյուղերում են հաստատվել։ Մասիսում օրինակ՝ 12 հազարից ավելի արցախցի էր տեղավորվել։

ArmLur.am-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մասիսի համայնքապետարանի մամուլի քարտուղար Հասմիկ Քերոբյանը մանրամասներ է ներկայացրել՝ արցախցիների թվի, զբաղվածության և խնդիրների վերաբերյալ։

«Վերջին տվյալներով 8500 արցախցի կա Մասիս համայնքում։ Մասնավոր բիզնեսում են աշխատանքի ընդունվել, եղել են դեպքեր, երբ ՀՈԱԿ-ներում են աշխատանքի ընդունվել։ Ունենք գործընկեր մասնավոր կազմակերպություններ, որոնք ունեն ազատ աշխատատեղեր, բնականաբար մենք արցախցիներին առաջարկում ենք։
Արցախցիներին ընդունած ամենամեծ թվով համայնքը Մասիսն է՝ 12 հազարից ավելի է եղել։ Հիմնականում վարձով տներում, ծանոթների, բարեկամների տներում տեղավորվել են։ Ունեցել ենք չգործող մանկապարտեզ, որը վթարային էր, սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է, դեռ գործընթացը չէր սկսել՝ տեղակայվել են այդտեղ։ Ունեցել ենք մանկապատանեկան ստեղծագործական մեր կենտրոնին հարակից տարածք, որտեղ մի քանի ընտանիք նույնպես տեղակայվել են։ Մի քանի համայնքային ենթակայության կառույցներ, որոնք որ դատարկ են եղել այդ պահին, տեղակայել ենք։

Հոկտեմբերի կեսի տեղեկություններով՝ Մասիսում 0-18 տարեկան 1905 արցախցի կար։ Նրանցից 935-ը դպրոց, 81-ը՝ մանկապարտեզ էին հաճախում։

ArmLur.am-ը հետաքրքրվեց, թե, ի՞նչ խնդիրներով են հիմնականում դիմում արցախցիները․

«Հիմնականում դիմում են կենցաղային տեխնիկայի անհրաժեշտությամբ։ Համայնքը առաջին իսկ օրվանից աջակցություն է ցուցաբերել՝ հիմնականում մեր մասնավոր սեկտորի աջակցությամբ, բարերարների, համայնքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների աջակցությամբ բավականին մեծ օգնություն ենք ցուցաբերել՝ սկսած մահճակալներից, անկողնային պարագաներ, սննդամթերքի տրամադրում։ Հիմա էլ փորձում ենք աջակցությունը տարբեր կազմակերպությունների օգնությամբ, համայնքային աջակցությամբ շարունակել»,- նշեց մեր զրուցակիցը։

Հայկ Ավանեսյան




Լրահոս