«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԳՈՎԱՍԱՆՔՆԵՐ ԼՍԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավիթ Սեխպեյանը  հեռուստադիտողին հայտնի է  որպես Չարլի` «Ice Charle» մանկական շոու ծրագրի վարող եւ որպես Նոյ` «Դժվար ապրուստ» սերիալից: Ավարտել է Թատերական ինստիտուտը, մասնագիտությամբ ռեժիսոր է: 3 տարի աշխատել է Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում: Այս պահին ոչ մի թատրոնում չի աշխատում, ասում է, որ ժամանակավոր դադար է տվել: Ունի  մի քանի բեմադրություններ, բայց հիմա ռեժիսուրայով չի զբաղվում:
-Ինչպե՞ս հայտնվեցիք «Դժվար ապրուստ» սերիալում:
-Դեռ երկրորդ կուրսից հրավերներ ունեցել եմ, բայց մերժել եմ, համարում էի, որ պատրաստ չեմ: Հանրությանը ներկայանալուն լուրջ եմ վերաբերվում: Վերջիվերջո, դու հանդիսատես ես կրթում: Այնուհետեւ երրորդ կուրսից ընդունվեցի թատրոն, որտեղ լուրջ կրթություն ստացա: Հետո գտա, որ արդեն կարելի է աշխատել հեռուստատեսությունում: Մի քանի կարճամետրաժ ֆիլմերում եմ աշխատել, «Կյանքի կարուսել»-ում, հետո եկա «Դժվար ապրուստ»:
-Հեռուստադիտողի բացասական կարծիքից չէի՞ք վախենում:
-Ամեն ինչ անհրաժեշտ է: Դու միանգամից Շեքսպիր չես կարող բեմադրել: Պետք է սկսես նախ փոքր պիեսներից: Պրակտիկան մեծ նշանակություն ունի դերասանի համար: Ռեժիսորները քեզ միանգամից չեն կարող ճանաչել: Չեմ թաքցնում, որ հեռուստադիտողն ինձ ճանաչեց «Դժվար ապրուստ» սերիալից: Եթե կրկին լինի սերիալի առաջարկ, մեծ հաճույքով կաշխատեմ, ի վերջո, դա իմ մասնագիտությունն է: Վատ բան չէ համատեղել թատրոնն ու հեռուստատեսությունը:
-Բայց հիմա թատրոնից գնացել եք հեռուստատեսություն, ինչո՞ւ, չէ՞ր ստացվում համատեղել:
-Դա իմ որոշումն է, իմ անձնական խնդիրը, որը չեմ ուզում բարձրաձայնել: Կյանքում ամեն ինչ պետք է: Ես փոփոխություններ սիրում եմ: Այդ փոփոխություններն ինձ համար նպաստավոր են: Իսկ համատեղել ամեն ինչն էլ հնարավոր է: Օրն ունի 24 ժամ, եւ այդ ժամանակահատվածում շատ բան կարելի է անել: Թատրոնում ես մի օրվա մեջ 5 ներկայացման վրա էի աշխատում:
-Շատ դերասաններից եմ լսել, որ սերիալում նկարվում են` միայն ֆինանսական նկատառումներից ելնելով:
-Եթե ֆինանսական նկատառումներ լինեին, ես չէի նկարվի: Չէ՞ որ նույն սերիալներն են նպաստել, որ հիմա Հայաստանում սկսել են նկարահանել գեղարվեստական ֆիլմեր, ու շատ ակտիվ, մեկը մյուսի հետեւից: Եկե՛ք դա էլ չմոռանանք: Ո՞նց կարելի է միայն ֆինանսականից ելնելով նկարահանվել: Եթե այդպես լիներ, շինարարության վրա կաշխատեի, չնայած ժամանակին աշխատել եմ, կամ կգնայի բարում աշխատելու, որտեղ նույնպես աշխատել եմ: Այսօրվա դրությամբ ինձ սա է հետաքրքիր: Ես այս աշխատանքն ահավոր սիրում եմ եւ անում եմ հավեսով, որ հետո չամաչեմ իմ արածի համար:
-Վստահ եմ, որ դրսում Ձեզ ճանաչում են: Հետաքրքիր է, ինչպե՞ս են արձագանքում:
-Հակված եմ այն մտքին, որ երբ դերասանին լավ բաներ են ասում, նա պետք է լսի ու չպահի գլխում: Եթե ուզում ես դերասանին փչացնել, գովի՛ր նրան: Հիմա ես չեմ ուզում գովասանքներ լսել: Լսում եմ ու ականջիս կողքով բաց թողնում, դա ինձ միայն կխանգարի: Ինձ ավելի շատ քննադատություն է պետք:
-Իսկ ճանաչողները Ձեզ ո՞ր հերոսի անունով են դիմում` Նո՞յ, թե՞ Չարլի:
-Երեխաները` հիմնականում Չարլի, որպես Դավիթ Սեխպեյան առայժմ ինձ չեն ճանաչում:
-Նոյի կերպարը սերիալի սկզբում կարծես թե մի քիչ բացասական էր, հետո նա շատ փոխվեց:
-Ես այդ կերպարը չեմ համարել դրական կամ բացասական: Դուք էլ ունեք բացասական կողմեր: Ուղղակի ժամանակ առ ժամանակ մեր բնավորության ինչ-որ կողմեր են բացահայտվում: Սկզբնական շրջանում Նոյի պրոբլեմները շատ էին, չարություն կար նրա մեջ: Հետո սիրահարվեց, սիրեց ու… Սցենարիստի խնդիրն էլ հենց դա էր, որ ներկայացներ  սիրո ուժը: Սերը կարող է փոխել մարդուն 180 աստիճանով:
-Նմանություններ կա՞ն Դավիթի ու Նոյի միջեւ:
-Հոգեբանության առումով կամ խնդիրներին լուծումներ տալով` չէի ասի: Բայց արտահայտչաձեւերի մեջ ինչ-որ նմանություններ կան: Կերպարը ստեղծել եմ ես, շատ բաներ ինձանից է դուրս գալիս:
-Կան դերասաններ, որոնք այնքան են ձուլվում իրենց կերպարին, որ, կոպիտ ասած, մնում են դերի տակ:
-Դա մի քիչ ծիծաղելի է: Այդպիսի բան ինձ մոտ եղել է առաջին կուրսում, երբ խաղացի Սերգեյ Եսենին: Բայց պատճառն այն էր, որ ես դեռ չէի տիրապետում տեխնիկային եւ ամեն ինչ հոգով ու էմոցիաներով էի անում: Թատրոնում ես մի օրվա մեջ կարող էի խաղալ ե՛ւ ծաղրածու, ե՛ւ թմրամոլ, ե՛ւ գայլ… Պատկերացնո՞ւմ եք, եթե մի կերպարի մեջ մնայի:
-Լավ, իսկ ինչպիսի՞ն եք տեսախցիկից այն կողմ, առօրյայում:
-Ունեմ շատ ակտիվ կյանք, հասցնում եմ ե՛ւ աշխատել, ե՛ւ ուրախանալ բոլորի հետ, բայց իրականում մի քիչ մենակության սիրահար եմ: Ինքս ինձ հետ լավ եմ զգում: Հետս խոսելու շատ բաներ ունեմ: Իհարկե, դա ժամանակ առ ժամանակ է լինում:
-Վստահ եմ, որ շատ աղջիկների կհետաքրքրի` Դավիթի սիրտը զբաղվա՞ծ է, թե՞ ոչ:
-Դավիթի սիրտը երբեք էլ զբաղված չի եղել, այն միշտ ազատ է: Ես իրավունք չունեմ բռնանալու սրտիս:   

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս