ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընթացակարգային խախտումներով սահմանադրական փոփոխություններն ուղարկվել են վարչապետին. Դանիել Իոննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արդարադատության նախարարությունը դեկտեմբերի վերջին ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային նոր նախագիծ է ուղարկել ՀՀ կառավարություն: Այս մասին իր ամփոփիչ ասուլիսում հայտարարել էր նաև նախարար Գրիգորի Մինասյանը: Թե ի՞նչ փոփոխություններ է նախարարն առաջարկում այդ նախագծով, հայտնի չէ: Արդարադատության նախարարությունից էլ հայտնեցին, որ այն դեռ քննարկման փուլում է ու ամբողջական տեսք չի ստացել:

ArmLur.am-ի հետ զրույցում Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոննիսյանն ասաց, որ հայեցակարգային նախագծի մասին տեղյակ չէ, այն խորհրդում չի քննարկվել, ինչը, ըստ նրա, ընթացակարգի խախտում է: Իոաննիսյանի խոսքով՝ նախագիծը նախ պետք է քննարկվեր Սահմանադրական բարեփոխումների խորհրդում, այնտեղ հաստատվեր, հանրությանը ներկայացվեր և նոր հետո ուղարկվեր Կառավարություն. «Նախարարը շրջանցել է այս ընթացակարգը ու միանձնյա հայեցակարգային նախագիծ է ներկայացրել: Ստացվում է՝ մութ սենյակներում ինչ-որ նախագծեր են մշակում ու միանգամից ուղարկում Կառավարություն: Սա ընթացակարգի խախտում է»:

ՀՀ Արդարադատության նախարարությունից էլ ArmLur.am-ի հետ զրույցում թեմայի առնչությամբ ասացին. «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական նախագիծն ուղարկվել է Կառավարություն: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից Հայեցակարգի նախագծի հաստատումից հետո կսկսվի դրա շուրջ հանրային քննարկումը»:

Նշենք, որ չնայած նախագծի մասին մանրամասները դեռ չեն հանրայանացվում, բայց ArmLur.am-ին տեղեկություններ են հասնում, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայաստանում կառավարման մոդելի փոփոխությունների գնալ՝ խորհրդարանականից անցում կատարելով կիսանախագահականի: Այսինքն՝ կարեւորագույն լիազորությունները նախագահի ձեռքին կլինեն կենտրոնացած: Այդ ճանապարհով Փաշինյանը նոր ընտրությունների չի գնա, ԱԺ-ի կողմից կընտրվի ՀՀ նախագահ, ԱԺ-ն երկրի այլ վարչապետ կընտրի: Այդպես՝ Փաշինյանը երկար կիշխի: Բայց քանի որ կիսանախագահական համակարգի անցումը Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը համարել է անընդունելի, մերժել է այն, դրա համար նախարարը շրջանցել է խորհրդին եւ հայեցակարգը ուղարկել է ուղիղ Նիկոլ Փաշինյանին՝ գաղտնի պահելով դրա բովանդակությունը: Ու քանի որ գաղտնի է պահվում, դրա համար ArmLur.am-ը չկարողացավ ճշտել կիսանախագահական համակարգին անցումը որքանով է իրատեսական:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարման մոդելը փոփոխվել է 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներով և Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց խորհրդարանականի: Իհարկե, իրականում վարչապետն է կառավարում երկիրը, ոչ թե խորհրդարանը, բայց թղթերով ՀՀ-ն համարվում է խորհրդարանական:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս