ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՏՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում գործադիրը հաստատել է ՀՀ նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը. այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

 

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշումը վերաբերում է ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող Լեռնային Ղարաբաղի այն ուսանողներին, որոնց ընտանիքները սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանվել են:

«Ուսանողների մի խմբի ուսման վարձերը վճարել էին նրանց ընտանիքները, որոնք այժմ հայտնի պատճառներով զրկված են այդ աջակցությունը ցուցաբերելու հնարավորությունից: Մյուս խմբի ուսման վարձը վճարվել էր ԼՂ կառավարության կողմից, ինչը եւս այս պահին հնարավոր չէ շարունակել: Այս երկու խմբերի պարագայում կրթության իրավունքի վերականգնման խնդիր չունենք, քանի նրանք ի սկզբանե եղել են ՀՀ ուսանողներ, սակայն առկա էր ֆինանսական աջակցության կարիք»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ, կառավարության որոշմամբ, վերը նշված խմբերի ուսանողների խնդրին տրվում է լուծում:

Հաստատված կարգով՝ ուսման վարձի փոխհատուցում կտրամադրվի 2023-2024 ուսումնական տարվա համար հետեւյալ չափերով եւ պայմաններով՝

1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձեւավորված միջին որակական գնահատականից ( ՄՈԳ),

2) 2-րդ կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակաս՝ «գերազանց» եւ (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նոր որոշման շահառուները մոտ 935 ուսանողներ են, որոնցից 860-ը բուհական եւ հետբուհական կրթության համակարգից են, 75-ը՝ ՄԿՈՒ ոլորտից: Այս որոշմամբ փոխհատուցվելու է 2023/24 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը, ինչը կազմում է մոտավորապես 264 միլիոն դրամ: Գումարը նվիրաբերության կարգով կհատկացվի այն ուսհաստատություններին, որոնցում սովորում են նշյալ խմբի ուսանողները:

Նախարարը նաեւ հիշեցրել է, որ կառավարության հոկտեմբերի 12-ի որոշմամբ հաստատվել էր սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ ԼՂ-ում նախնական եւ միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա եւ հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ այդ խմբի ավելի քան 1800 ուսանող սովորում է ՀՀ բուհերում, իսկ ավելի քան 1100 ուսանող՝ քոլեջներում եւ ուսումնարաններում:

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը արդեն իսկ վճարած եւ այս աջակցության ծրագրի շահառու դարձած ուսանողների գումարը պետք է վերադարձվի։

Նշենք, որ ուսումնական հաստատությունների ցանկը, որոնցում սովորողներին տրամադրվելու է ուսման վարձի՝ սույն որոշմամբ նախատեսված փոխհատուցում, կհրապարակվի առաջիկայում։

 

 

 

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՎՍ ԿԱՏԵՍՏԱՎՈՐՎԵՆ

Կառավարությունը հաստատեց գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական եւ ճարտարագիտատեխնիկական պաշտոնները եւ դրանց գնահատման նվազագույն չափանիշները։

 

Կառավարության նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ինչպես գիտեք, էապես ավելացել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, եւ առաջնահերթ խնդիր է նաեւ դրա որակի եւ արդյունավետության մասին մտածելը։ Ֆինանսավորման ավելացման կարեւոր ուղղություն է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, որը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 1-ից, եւ դրա արդյունքում արդեն իսկ էական բարձրացում է գրանցվել՝ միջինում 174 տոկոսով 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ։ Ընդ որում, վարձատրության բարձրացումը իրականացվում է ատեստավորման գործընթացի արդյունքում, որի նպատակն է գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը եւ նրա ստացած գիտական արդյունքները, ինչպես նաեւ պարզել գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնին։ Սակայն, ամբողջ խնդիրն այն է, որ ատեստավորման գործընթացը կարգավորվում էր 2001 թվականի կառավարության որոշմամբ, որը բավական հնացած էր եւ լիարժեքորեն չէր համապատասխանում ոլորտում իրականացվող բարեփոխումներին եւ ոլորտի աշխատակիցներից պետության ակնկալիքներին, ինչպես նաեւ չէր սահմանում կատարողականի նվազագույն քանակական չափանիշներ»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ ներկայացվող նախագծով կառավարությունը կարող է հաստատել գիտական պաշտոնների տարակարգերը, դրանցից յուրաքանչյուրի համար արդյունավետության նվազագույն պահանջները, որոնք խարսխված են գիտական կադրերի պատրաստման մեջ գիտնականների ներգրավվածության, միջազգային հեղինակավոր պարբերականներում հրապարակումների որակի եւ քանակի, միջազգային դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության եւ դրանց ղեկավարման պայմանների վրա. «Այսպիսով, դրանք ամբողջությամբ համահունչ են, մի կողմից, գիտության եւ բուհական կրթության համադրման քաղաքականությանը, մյուս կողմից՝ գիտության միջազգայնացման քաղաքականությանը, ինչպես նաեւ գիտության ոլորտում պետության եւ մասնավոր գործակցության խթանմանը, որովհետեւ այդ դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության պահանջներից է նաեւ, որ այնտեղ չլինի միայն ֆինանսավորման պետության մասնաբաժին, այլ նաեւ հաշվի առնվի այլ ֆինանսավորման առկայությունը։ Արդյունավետության պահանջներից բացի, կարգով նկարագրվում են նաեւ տարակարգի համար պաշտոնեական պարտականությունները՝ այդպիսով նաեւ սահմանելով ակնկալիքների այն շրջանակը, որը պետությունը եւ հասարակությունը կարող է ունենալ գիտական պաշտոնների յուրաքանչյուր տարակարգից»։

Նրա խոսքով՝ գիտական աշխատողների արդյունավետության նոր պայմանների հաստատումը հիմք է դառնալու 2024 թվականին համապետական ատեստավորման ծրագրի իրականացման հաստատման համար. «Ամբողջական ատեստավորումը այս մեխանիզմով կիրականացվի 2026 թվականին, որովհետեւ նախորդ ատեստավորումը 2021 թվականին է եղել, եւ հնգամյա շրջափուլը կավարտվի այդ ժամկետում։ Դա արդեն կհանդիսանա հիմք արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման եւ արդեն իսկ այդ ֆինանսավորման վերանայման համար»։

 

 

 

 

ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՉԿԱ

Տավուշի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը, ըստ հողային հաշվեկշռի, կազմում  են 110 665,6 հեկտար, որից վարելահող՝ 25 485,3 հեկտար, բազմամյա տնկարկներ՝ 1981,8 հեկտար, այդ թվում՝ խաղողի այգիներ՝ 1195,3 հեկտար, պտղատու այգիներ՝ 786,5 հեկտար, խոտհարքներ՝ 9400,6 հեկտար, արոտավայրեր՝ 63 006 հեկտար,այլ՝ 10791,8 հեկտար։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել, թե  2023 թվականին Տավուշի  մարզում որքան աշնանացան է արվել։ Մարզպետարանից ստացված պատասխանում  նշված է. «Համաձայն Իջեւանի, Նոյեմբերյանի եւ Բերդի համայնքապետարանների կողմից տրամադրված տեղեկատվությունների՝ օպերատիվ տվյալներով՝ 12.12.2023թ. դրությամբ մարզում կատարվել է 2550,2 հա աշնանացան, որից՝ ցորեն-1938,4հա, գարի-611,8հա։ 2023թ. աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր չի գործում»։

 

 

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ՝ ՁԱԽՈՂՎԱԾ

Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներում ընդհանուր առմամբ աշխատում են 1830 ուսուցիչ եւ ուսուցչի օգնական։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին  հարցում ենք ուղարկել՝ հարցնելով՝ մինչ այժմ՝ ատեստավորման գործընթացը սկսվելուց հետո, Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ընդհանուր քանի ուսուցիչ է կամավոր ատեստավորվել, նրանցից քանիսը ինչ արդյունքներ է ունեցել։ Մարզպետարանից պատասխանել են. « 2021-2023թթ. Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների 148 ուսուցիչ կամավոր ատեստավորվել է: Նրանցից 40-ը ստացել է 60-69, 54-ը՝ 70-79, 48-ը՝ 80-89, եւ 6-ը՝ 90-100 արդյունք»: Մարզպետ Ղալումյանը իր պատասխանում չի նշել, թե քանի ուսուցիչ կամավոր ատեստավորումից 60-ից ցածր միավոր է ստացել։ Մարզպետն այդ թիվը չի նշել, որպեսզի չբացահայտվի կամավոր ատեստավորումից «կտրվածների» մեծ քանակը, այդ գործընթացի ձախողումը։

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՅՈՒՂԸ՝ ՆՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՎ

Հայաստանում գյուղ կա՞, որ ունենա գլխավոր հատակագիծ։ Նիկոլ Փաշինյանի հոր հայրենի գյուղը՝ Իջեւան համայնքի Ենոքավանը, շնորհիվ պետական ֆինանսավորման, առաջիկայում կունենա գլխավոր հատակագիծ։ 2023թ. hուլիսի 7-ին Տավուշի մարզպետարանում տեղի  է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ենոքավանի գլխավոր հատակագիծը։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել ենք, որ Ենոքավանի գլխավոր հատակագծի պատվիրատուն հանդիսանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, նախագծող կազմակերպությունը «Արխիոն» ՍՊԸ-ն է, նախագծման աշխատանքի արժեքը 5,5 միլիոն  դրամ է: Ենոքավանի գլխավոր հատակագծի նախագծային աշխատանքները կավարտվեն 2024 թվականի մարտ ամսին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս