ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լրագրողի հավատարմագրման դադարեցումը չի համապատասխանում միջազգային նորմերին․ Աշոտ Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Արմենպրեսի մամուլի սրահում ասուլիս է տվել։ Ասուլիսի ընթացքում քննարկվել է ներկայումս իշխող խմբագրության կողմից լրագրողների հանդեպ ճնշումներ գործադրելու արդյունքում Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահության օրոք լրագրողներին ԱԺ հավատարմագրումներից զրկելու պրակտիկան։

ArmLur.am-ի լրագրողը հարց ուղեց, թե Ալեն Սիմոնյանից բացի էլ որ ԱԺ նախագահի օրոք են լրագրողները զրկվել հավատարմագրումից և արգելվել  նրանց մուտքը ԱԺ։ Աշոտ Մելիքյանը պատասխանեց․

«Ես դժվարանում եմ մտաբերել, թե անցած 30 տարիների ընթացքում հավատարմագրումից զրկելու դեպք եղել է, թե ոչ, բայց որ այս իշխանությունների օրոք սա արդեն երկրորդ դեպքն է, որը ամենևին էլ արդարացված չէ, դա փաստ է։ Առաջին դեպքը Panorama-ի ֆոտոլրագրողին զրկեցին հավատարմագրումից և դատարանը շատ արագ չեղարկեց այդ որոշումը, որովհետև օրենքով նախատեսված չէր, ըստ երևույթին իշխող կուսակցությունը որոշեց լրացում կատարել և կատարեց։ 2021-2022 թվականներին 2 փոփոխություններ տեղի ունեցան ԶԼՄ-ների մասին օրենքում, այն դրույթներում, որոնք վերաբերում էին լրագրողների հավատարմագրմանը, և նախատեսվեց հավատարմագրման դադարեցում, որը շատ քննդատորեն մեր կողմից ընդունվեց։ Երկրորդը՝ Քնար Մանուկյանի դեպքն էր «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր։ Սովորաբար պետական մարմինները հավատարմագրումը պատկերացնում են աշխատանքի թույլտվություն կամ լավություն լրատվամիջոցին, մինչդեռ դա, ըստ միջազգային մոտեցումների, լրատվամիջոցի իրավունքն է»։

Մելիքյանը չնշեց, սակայն Ազգային Ժողովում լրագրողի հավատարմագրման հետ կապված ևս մեկ խնդիր էր առաջացել, երբ Ազգային ժողովի աշխատակազմը հրաժարվել է հավատարմագրել Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանին ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանի վեցերորդ նստաշրջանի աշխատանքը լուսաբանելու համար։ Այս անգամ միջադեպը տեղի էր ունեցել 2021 թվականին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և լրագրող Սյուզի Բադոյանի միջև։

Լրագրողներ Քնար Մանուկյանի, Սյուզի Բադոյանի և այլ լրագրողների աշխատանքին միջամտելուց հետո մի շարք լրատվամիջոցներ հանդես եկան հայտարարությամբ, սակայն սա ևս ոչ մի արգելք չհանդիսացավ իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության համար։

Հավելենք նաև, որ դեռ անցած իշխանությունների օրոք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը լրագրող Մհեր Արշակյանի նկատմամբ բացասական վարք ցուցաբերելու պատճառով բազում քայլերից և Էթիկայի հանձնաժողով դիմելուց հետո ներողություն խնդրեց լրագրողից։

Բանն այն է, երբ Քնար Մանուկյանը հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին և պատգամավորը ոչ հարիր վարքագիծ դրսևորեց, Հովհաննիսյանի վարքը չենթարկվեց Էթիկայի հանձնաժողովի քննադատությանը, սակայն լիահույս ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ բացասական արտահայտությունները անպատիժ չեն մնա։

Էմմա Միքայելյան




Լրահոս