ՀՔԾ-ն կրկին կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների առնչությամբ հարուցված քրգործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վատ լուր. Հատուկ քննչական ծառայությունը կրկին կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործը։ Սրա մասին ինձ տեղեկացրեց մեր փաստաբան Կարեն Տոնոյանը, որը ստացել է ՀՔԾ-ի որոշումը։ Այս մարմինը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի գնահատմամբ, ի սկզբանե ձևական մոտեցում էր ցուցաբերում այս գործին, և ակնհայտ էր, որ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մտադրություն չկար։

Հիշեցնեմ, որ այս տարվա մարտին ՀՔԾ-ն մեկ անգամ արդեն կասեցրել էր գործը՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու» ծայրահեղ վիճահարույց պատճառաբանությամբ։ «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների ընթացքում տուժած լրագրողները ԽԱՊԿ-ի աջակցությամբ բողոքարկեցին այս որոշումը, և ՀՀ դատախազությունն ապրիլի 15-ին վերացրեց այն ու հանձնարարեց ՀՔԾ-ին վերսկսել նախաքննությունը։ Հիմա այդ ծառայությունը կրկին կասեցնում է գործը։

Կարծես՝ պինգ-պոնգ է խաղում։ Իսկ մենք նույն համառությամբ բողոքարկելու ենք. դատախազություն, եթե պետք լինի՝ դատական ատյաններ, եթե պետք լինի՝ Եվրոպական դատարան… Ինչպես բողոքարկում ենք «Սարի թաղի» գործը կասեցնելու մասին ՀՔԾ-ի որոշումը… Այդ իրադարձությունները մոռանալու բան չեն. երկուսում միասին 40-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ ֆիզիկական բռնությունների, հետապնդումների ու ճնշումների ենթարկվեցին ոստիկանների կողմից, բազմաթիվ տեսախցիկներ ջարդվեցին, նկարահանված տեսանյութեր ոչնչացվեցին… Ինչու՞ չեք ուզում բացահայտել այս ամենը, պարոնայք։




Լրահոս