ՖՈՏՈ. «Մայր թատրոնը» 102 տարեկան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 102 տարեկան է: Այն իր դռները պաշտոնապես բացել է 1922 թվականի հունվարի 25-ին՝ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրությամբ: Այն ժամանակ դեռևս Առաջին պետական թատրոնի անդրանիկ ներկայացման հեղինակը Իսահակ Ալիխանյանն էր, իսկ առաջին գեղարվեստական ղեկավարը Լևոն Քալանթարյանը:

1937 թվականից Գաբրիել Սունդուկյանի անունը կրող թատրոնը առանձնանում է շեքսպիրյան ներկայացումներով՝ Երևան բերելով ԽՍՀՄ-ի առաջին շեքսպիրյան փառատոնը և կոնֆերանսը:

Հայտնի է, որ թատրոնի բեմի առաջին վարագույրը, որի վրա պատկերված է եղել Մարտիրոս Սարյանի հայտնի «Հայաստան» կտավը, 10 տարի ծառայելուց հետո իջեցվել է և այժմ զարդարում է նախասրահի պատը:

Թատրոնը մի քանի անգամ վերաբացվել է. նախ այն գործել է Հանրապետության հրապարակում, ապա 1938 թվականին տեղափոխվել նոր շենք, որը 1962 թվականին այրվել է: Նույն վայրում կառուցվել է ճարտարապետներ Ռ. Ալավերդյանի, Ռ. Բադալյանի, Ս. Բուրխաջյանի և Գ. Մնացականյանի համահեղինակած նոր շենքը, որը յուրահատուկ ճարտարապետական կառույց է: Թատրոնը վերաբացվել է՝ կրկին անդրանիկ ներկայացման համար նախապատվությունը տալով «Պեպո»-ին: Այս անգամ՝ Վարդան Աճեմյանի բեմադրությամբ:

Տարիներ անց՝ 2015 թվականին, թատրոնը վերանորոգվում է և վերազինվում նոր տեխնիկայով ու վերաբացվում 2016 թվականի դեկտեմբերի 13-ին: Ավանդույթը չխախտելու համար անդրանիկ ներկայացման համար Արմեն Էլբակյանը բեմադրում է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս