Չենք լռելու երիտասարդական նախաձեռնության որոշմամբ “Աղբ եթերից” մրցանակաբաշխության հինգերորդ հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստատեսության “Առաջին լրատվական” (Հայլուր) հաղորդաշարը` քաղաքացիների կողմից վճարած հարկերի հաշվին աշխատելով հանդերձ, անաչառ ինֆորմացիա ապահովելու փոխարեն, տարիներ շարունակ իշխանությունների գովքը կատարելու և հասարակության լայն խավերին ակնհայտ կողմնակալ ինֆորմացիա հրամցնելու համար: Չենք լռելու-ն այս անգամ խախտում է “Աղբ եթերից” մրցանակաբաշխության կանոնները և “Հայլուրը” կողմնակալ աղբից մաքրելու համար 100 դրամ չի ուղարկում Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաղորդաշարը գոյատևում է այդ թվում Չենք լռելու նախաձեռնության անդամների մուծած հարկերի հաշվին: Չենք լռելու-ն պահանջում ապահովել անաչառ լրատվություն, կամ հրաժարվել բյուջետային փողերից` Հայլուրի համար գտնելով կոմերցիոն հովանավորների: Այսօր առավոտյան Հայլուրին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր:Հիշեցնենք, որ “Աղբ եթերից”-ի առաջին մրցանակակիրը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող “Աննա” սերիալն էր` սյուժեն տարիներով արհեստականորեն ձգձգելու և հեռուստադիտողի ճաշակի վրա ակնհայտ բացասական ազդեցություն ունենալու համար:Երկրորդ հաղթողը Շանթ-ի “Բանակում” սերիալն էր` զինված ուժերում առկա ոչ կանոնադրական հարաբերությունները փայլուն եւ հումորային փաթեթավորումով որպես նորմա ներկայացնելու համար, ինչը մեծ խոչընդոտ է առողջ եւ կանոնադրական հարաբերությունների վրա հիմնված բանակ ստեղծելու ընդհանուր նպատակի իրականացման հարցում:Երրորդ մրցանակակիրը “Արմենիա” հեռուստաընկերության “Դժվար ապրուստ” հեռուստասերիալն էր` ամենօրյա եթերային լացուկոցի և կանանց հանդեպ որպես սովորական երևույթ ներկայացվող բռնության տեսարանների համար:Չորրորդ հաղթողը ATV-ի “Արի ամուսնանանք” հաղորդաշարն է` հայ մարդուն անգիտակցորեն ծաղրի առարկա դարձնելու և ռուսական համանուն հաղորդաշարը խայտառակ անճաշակ կրկնօրինակելու համար:
Հայլուրը` Աղբ եթերից մրցանակաբաշխության հինգերորդ հաղթող
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ