ԵՎՍ 4 ՀՈԳԻ՝ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի դեկտեմբերի 19-ին Սեւանա լճի Նորատուս գյուղի հատվածում տեղի ունեցած խուլիգանության գործով եւս 4 հոգի դատարանի որոշմամբ կալանավորվել է։

 

Այս մասին ԶԼՄ-ներին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Նորատուսի դեպքով 4 անձանց նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել, բոլորի վերաբերյալ էլ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել, որոնք բավարարվել են դատարանի որոշմամբ»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ Նորատուսի գործով ավելի վաղ մեկ անձ մեկ ամսով կալանավորվել է։

Այս տարվա հունվարի 19-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի 4 բնակիչների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կողոպուտ, խուլիգանություն կատարելու, ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու եւ նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար:

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է համապատասխանաբար Քրեական օրենսգրքի 253-րդ (Կողոպուտ)  հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 297-րդ (Խուլիգանություն) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 452-րդ (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

2023 թվականի դեկտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզում ոստիկանական հատուկ օպերացիա էր իրականացվել, որի շրջանակներում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու համար բերման էր ենթարկվել մի քանի տասնյակ քաղաքացի, որոնց մեծ մասը՝ նորատուսցիներ:

Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12:40-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ 2 նավակով ծառայություն են իրականացել Սեւանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների եւ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել հրկիզել նրանց եւ նավերը, վերջիններիս ուղղությամբ նետել բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա եւ վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նավակներով մոտեցած անձինք շարունակել են ագրեսիվ գործողությունները, նրանցից մեկը դանակով կտրել է ««Սեւան» ազգային պարկ»-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը եւ նավակը տարել:

 

 

ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` հունվարի 20-ին Չարենցավանի «Ղարս» խնջույքի սրահի բակում կրակոցներ են հնչել։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` բանակի զորացրման առթիվ խնջույք է կազմակերպվել։ Ըստ ականատեսների՝ բանակից զորացրվածի եղբայրը ռեստորանի բակում վիճել է մի քանի այլ երիտասարդների հետ, սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ միջադեպի մասնակիցներից մեկը հանել է գազային ատրճանակն ու կրակել օդ։

Ավելի ուշ՝ ոստիկանությունը հայտնեց. «Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին՝ ներկայացնելով գազային ատրճանակը:

Նա եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին:

Խուլիգանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել եւ ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխվել միջադեպի մյուս չորս մասնակիցները: Նրանք նույնպես ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է»:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

Օրերս գործարար Ռոբերտ Գալստյանը լուսանկար էր հրապարակել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի հետ։

Միգուցե գործարարն իր «գողական» կապերն օգտագործեց եւ աղմկահարույց պատմությունից չոր դուրս եկավ։

2020 թվականին «ժողովուրդ» թերթը գրել էր. «Հունիսի 26-ին ուշագրավ դեպք էր տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում. 40-ամյա տղամարդը բարձրահարկ շենքից իրեն ցած էր նետել ու ինքնասպան եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդու ինքնասպանությունը կապում են գործարար Բենզին Ռուբո մականունով Ռոբերտ Գալուստյանի եւ նրա որդու՝ Ալեն Գալուստյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ինքնասպանություն գործած տղամարդը՝ Մանվել Ավետիսյանը, աշխատել է «ՌԱՆ-ՕՅԼ» ընկերությունում, որը պատկանում էր հենց գործարար Ռոբերտ Գալուստյանին։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա պարտք է եղել Գալուստյանին եւ վերջինիս որդուն՝ Ալեն Գալուստյանին: Նրանք Մանվելից պահանջել են իրենց պարտքը, որը մի փոքր ուշացումով, բայց կարողացել է հավաքել գումարը եւ վերադարձնել։

Եվ որպեսզի այլ խոսակցություններ չծավալվեն, նա կրտսեր Գալուստյանի մոտ է գնացել իր կնոջ հետ: Ինչպես երեւում է, պարտատերերն անգամ հաշվի չեն առնել, որ իրենցից մշտապես յուղ վերցնող եւ վաճառող Մանվելը կնոջ հետ է եղել, այնքան էլ հաճելի խոսակցություն չի ծավալվել, եւ, ըստ ամենայնի, Մանվելն իրեն վատ է զգացել, որ կնոջ ներկայությամբ այդպիսի իրավիճակում է հայտնվել։ Կարճ ասած, տուն գնալուց որոշ ժամանակ հետո իրեն ցած է նետել պատշգամբից:

Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռոբերտ Գալուստյանի՝ Բենզին Ռուբոյի հետ, որը հաստատեց, որ 40-ամյա տղամարդու հետ պարտքուպահանջի հարց է եղել: «Ինքը պարտք է եղել, եւ ես նոր եմ իմացել, 1 միլիոնի չափ է եղել պարտքը: Անձամբ իմ որդուն՝ Ալենին, պարտք չի եղել: Որեւէ խնդիր չի եղել, կնոջն է՛լ, իրեն է՛լ շատ հարգանքով են դիմավորել»,- պատմել էր գործարարը»։

Նշենք, որ 2021 թվականին «ՌԱՆ Օյիլ» ընկերությունը գնել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ Գրզոն։

 

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ առեւանգել են ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստաթղթերը ձեւակերպվել են հունվարի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած՝ Երեւանի բնակիչ 48-ամյա Նարինե Հայրապետյանի հաղորդման փաստով։

Վերջինս հայտնել է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։

Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձեւով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից եւ հեռացել։

Հավելենք նաեւ, որ Նարինե Հայրապետյանը՝ նույն ինքը Նարե Սոսեն, վերջերս Երեւանի ավագանու գործակարգավարական նիստի ընթացքում վիճաբանության մեջ էր մտել ավագանու անդամներ Անի Խաչատրյանի եւ Սոնա Աղեկյանի հետ, ինչից հետո նրանց դահլիճից դուրս էին հանել, սակայն վիճաբանությունը շարունակվել էր նաեւ միջանցքում։

 

«ԼԱՎ ԿԼԻՆԻ՝ ԴՈՒՔ ՎԵՐՑՆԵՔ»

2023 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարից մահացած Ռ.Մ.-ի մայրը՝ Ա.Մ.-ն, Շիրակի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով իր կասկածներն այն մասին, որ այս գործով կասկածյալ Ա.Մ.-ն փորձում է կաշառել իրավապահներին՝ խուսափելով պատասխանատվությունից։

Ավտովթարից տուժածի մայրը նշել է, որ կասկածյալի ընկերն իր մոր հետ գնացել է իր տուն եւ ասել. «Լավ կլինի, որ գումարը դուք վերցնեք, քան ոստիկանները ուտեն»։ Այս խոսքերը լուրջ մտահոգության տեղիք է տվել տուժողի մորը, որ կասկածյալ Ա. Մ.-ն պատրաստվում է իրավապահ համակարգին կաշառել՝ չպատժվելու համար: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 496 հոդվածի 1-ին մասով։

Հոդվածը, որը վերնագրված է «Դատավարության մասնակիցներին՝ իրենց լիազորությունների հետ կապված կաշառք տալը», սահմանում է հետեւյալը.

  1. Իրավասու մարմին չներկայանալու, քննչական կամ դատական գործողություններին չմասնակցելու կամ հաղորդում, բացատրություն, ցուցմունք, եզրակացություն չտալու, թարգմանություն չկատարելու կամ սուտ բացատրություն, ցուցմունք, կեղծ փորձագիտական եզրակացություն կամ կարծիք տալու կամ սխալ թարգմանություն կատարելու համար դատավարության մասնակցին կաշառք տալը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 273-րդ կամ 436-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները, պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 




Լրահոս