«Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ծանր վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում։
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել առաջին խաղակեսի միջնամասում՝ վնասելով կոճը։ 20-ամյա Զախարյանը չի կարողացել շարունակել խաղը, փոխարենը՝ 29-րդ րոպեին խաղադաշտ է մտել 27-ամյա իսպանացի Բրայս Մենդեսը։
Իսպանիա տեղափոխվելուց հետո Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։
20-ամյա կիսապաշտպանը իսպանական ակումբ է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին Մոսկվայի «Դինամոյից»՝ կնքելով վեց տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 13 մլն եվրո։
Ֆուտբոլիստն իր նորամուտը նոր թիմում նշել է օգոստոսի 25-ին՝ դաշտ դուրս գալով «Լաս Պալմաս»-ի դեմ։ Միևնույն ժամանակ, մրցաշրջանի ընթացքում Զախարյանը բաց է թողել մի շարք հանդիպումներ առողջական խնդիրների, այդ թվում՝ կորոնավիրուսի պատճառով։