Սյունիքի մարզում տեղի է ունեցել ականազերծված տարածքների հանձնման արարողություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am -ին ՀՀ ՊՆ -ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 11-ին Սյունիքի մարզի Դավիթ-Բեկ բնակավայրի մոտ տեղի ունեցավ հայ սակրավորների կողմից ականազերծված տարածքների հանձնումը մարզային իշխանություններին, որն իրականացվեց “Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն” ՊՈԱԿ-ի կողմից: Արարողությանը մասնակցում էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիթը, ԱՄՆ-ի ռազմական կցորդի տեղակալ  Ջասթին Բադդը և այլ պաշտոնատար անձինք:Ողջունելով հյուրերին` ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը համառոտ ներկայացրեց ականազերծման կենտրոնի նպատակները, գործառույթներն ու ընթացիկ տարվա կատարված աշխատանքը: Ռ. Առաքելյանը նշեց, որ գարնանը մեկնարկած աշխատանքների արդյունքում միջազգային չափորոշիչներին համապատասխան ականազերծվել է շուրջ 21 հեկտար հողատարածք. հայտնաբերվել և վնասազերծվել են բազմաթիվ նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, հակատանկային և հակահետևակային ականներ:Համապատասխան համակարգերի միջոցով մեկ անգամ ևս ճշգրտվեց և ստուգազննվեց ականազերծված տարածքը, որից հետո ականազերծումը փաստող և տարածքի սահմանագոտին ճշգրտող հավաստագիրը հանձնվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Ողջունելով հյուրերին` Ս. Խաչատրյանը կարևորեց կենտրոնի կողմից տարվող աշխատանքը և հույս հայտնեց, որ միջազգային դոնոր կազմակերպությունների լրացուցիչ ներդրումները կխթանեն ականազերծման գործընթացի ակտիվացումը:Հրադադարի հաստատումից հետո դեռևս ականապատված են մնում ՀՀ շուրջ վաթսուն բնակավայրերի հարակից տարածքներ: Կասկածելի տարածքներն էլ 102-ն են,  գրեթե 322 կիլոմետր քառակուսի մակերեսով: Այդ նույն տվյալների համաձայն` հրադադարի հաստատումից մինչ օրս ականներից և չվնասազերծված զինամթերքից Հայաստանում տուժել է ավելի քան 400 մարդ` 112-ը մահացու ելքով: Ամենամյա ականազերծման նմանօրինակ աշխատանքների արդյունքում գյուղատնտեսական կիրառման համար պիտանելի են դառնում նորանոր հողատարածքներ, իսկ ամենագլխավորը` նվազում է չվնասազերծված զինամթերքի պայթյունի հետևանքով  հնարավոր դժբախտ պատահարների հավանականությունը:




Լրահոս