«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստան բռնի տեղահանված արցախցիներին մինչ այս փոխանցվել է 170 մլրդ 890 մլն 900 հազար դրամ գումար։ Ցույց տանք՝ ինչպես։ ՀՀ կառավարությունը եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բռնի տեղահանված արցախցիների համար աջակցության ծրագրի շրջանակներում նրանց տրամադրեցին 100 հազար դրամ միանվագ եւ 40 000+10 000 դրամ։ Ծրագրի իրականացման ընթացքում խնդիրներից խուսափել չստացվեց։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի ընտանիքներ կան, որոնք չեն ստացել նշված հատկացումները դեռ հոկտեմբեր ամսից։ Հարց է առաջանում՝ արդյոք 11 մլրդ պարտք ունեցող պետությունը կկարողանա ինտենսիվորեն փոխհատուցել արցախցիներին այն դեպքում, երբ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը, 2024 թվականի բյուջեի համաձայն, կկազմի 340 մլրդ դրամ։
ArmLur.am-ը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից տեղեկացել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 24-ից ի վեր հաշվառվել են ավելի քան 115 հազար 500 անձ։ Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո 170 մլրդ 890 մլն 900 հազար դրամ է փոխանցվել արցախահայերին օգնելու համար գործընկեր երկրներից եւ միջազգային կազմակերպություններից։ Այսպես, Ճապոնիայի կողմից արցախահայերին տրամադրվել է 2 միլիոն դոլար, որը համարժեք է 820 մլն դրամի, ԱՄՆ-ի կողմից տրամադրվել է 11 մլն դոլար, որը համարժեք է 4 մլդ 716 մլն դրամի, Եվրահանձնաժողովի կողմից փոխանցվել է 10.4 մլն եվրոյին համարժեք 4 մլդ 506 մլն դրամ, Լատվիայի կողմից հատկացվել է 350 հազար եվրոյին համարժեք 151 մլն դրամ, Շվեյցարիայի կողմից տրամադրվել է 1,5 մլն ֆրանկին համարժեք 675 մլն դրամ, Կանադայի կողմից տրամադրվել է 2,5 մլն դոլարին համարժեք 1 մլդ 25 մլն դրամ. ստացվում է 155 մլրդ 893 մլն դրամ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Հայկական Կարմիր խաչին է փոխանցվել 62 մլն դրամ: ՀԿԽԸ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու համար ընդհանուր առմամբ կփոխանցվի 4 միլիարդ 67 միլիոն 900 հազար ՀՀ դրամի չափով աջակցություն, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ 1 մլրդ 500 մլն դրամ, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ՝ 1 մլրդ 375 մլն դրամ, Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա՝ 920 մլն դրամ, Շվեյցարական Կարմիր խաչ՝ 190 մլն դրամ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն՝ 82 մլն ՀՀ դրամ:
Հետաքրքիր է՝ ինչի վրա են ծախսվել այս միլիարդներն այն դեպքում, երբ ահազանգերը քաղաքացիներից չեն դադարում. նրանք ամիսներ շարունակ չեն ստացել սոցիալական աջակցությունները, կենցաղային, սոցիալական լուրջ խնդիրներ ունեն:»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: