«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախցիների բռնի տեղահանումից հետո խոսվում էր, որ մոտ 40 հայ է մնացել Արցախում, ադրբեջանական կողմը 100 թիվն էր հիշատակում: Արցախյան աղբյուրներից տեղեկացանք, որ դեկտեմբերի վերջի տվյալներով Արցախում առավելագույնը 15 մարդ է մնացել, որոնք ունեն ռուսական կամ այլ խառը ծագում, ընդ որում՝ ծերեր են, հաշմանդամներ: Նրանց կեցության հարցերը հոգում է Կարմիր խաչը` շաբաթական 1-2 անգամ սնունդ փոխանցելով, կամ ստանում են ռուս խաղաղապահներից։
Մեզ ասացին, որ ադրբեջանցիներ էլ չեն հաստատվել Ստեփանակերտում, թեեւ վերջերս ադրբեջանական քարոզչամեքենան հաղորդեց, թե Ստեփանակերտում նախագահական ընտրությունների ընտրատեղամասեր են բացել: Հավանաբար, Ալիեւի ռեժիմը պատրաստվում է նոր բեմականացման, եւ Արցախում մնացած արցախցիների քվեարկության լուսանկարներով ուզում են աշխարհին մոլորեցնել, թե Արցախում բնակչություն կա, եւ «Արցախն Ադրբեջան է»»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։