Ուկրաինա է վերադարձել 207 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք. Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 31-ին Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «195-ը 195-ի դիմաց» բանաձևով, հայտնում են երկու երկրի պաշտպանության նախարարությունները:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ փոխանակման արդյունքում տուն է վերադարձել 207 մարդ՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք, որոնցից ամենատարեցը 61 տարեկան է, իսկ ամենաերիտասարդը՝ 20։ Ազատ արձակված ռազմագերիներից առնվազն 36-ը վիրավոր են կամ ծանր հիվանդ։

Գերիների փոխանակման գործընթացն ի սկզբանե նախատեսված էր չորեքշաբթի՝ հունվարի 24-ին: Սակայն այդ օրը Բելգորոդի մարզի Կորոչանսկի շրջանի Յաբլոնովո գյուղի մոտ կործանվել է ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ օդանավում եղել է փոխանակման համար նախատեսված Ուկրաինայի զինված ուժերի 65 ռազմագերի, ինչպես նաև անձնակազմի վեց անդամ և երեք ուղեկցող անձ։

ՌԴ ԱԳՆ-ն վթարը որակել է որպես «ահաբեկչական հարձակում»՝ նշելով, որ ինքնաթիռը խոցվել է Խարկովի շրջանից զենիթային հրթիռով։

Ի պատասխան՝ Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը հայտարարել է, որ ռուսական կողմը բավարար տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, թե ինչպես են ուկրաինացի ռազմագերիներին հասցնելու փոխանակման վայր։ Գերատեսչությունը չի բացառել, որ վթարը կարող էր Ռուսաստանի կողմից ծրագրված սադրանք լինել:




Լրահոս