Ադրբեջանցիներն ապամոնտաժել են Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի՝ Բեկորի հուշարձանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական փակ տելեգրամյան ալիքներից պարզ է դառնում, որ ադրբեջանցիներն ապամոնտաժում են Արցախում տեղակայված Արցախյան գոյամարտի հաղթանակը խորհրդանշող և Արցախի հերոսներին նվիրված հուշարձանները: Ըստ աղբյուրների՝ Ադրբեջանն այս անգամ էլ ապամոնտաժել է Ստեփանակերտի Բեկորի պուրակում տեղադրված «Արցախի հերոս», Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշարձանը։

Հիշեցնենք, որ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ Ստեփանակերտի առաջին վաշտը 1992 թվականին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջինն է մտնում քաղաք: Մայիսի 8-ի առավոտյան 6-ն անց 30-ին Աշոտ Ղուլյանը հեռակապով կապվում է Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ՝ Կենտրոնական շտաբ, և հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն։ «Մինչև մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»,- ավելացրել էր Բեկորը:

Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն։ Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել։
Բեկորի մարտական անունը կրում է նրա կրտսեր որդին, ով ծնվել է հոր զոհվելուց հետո։




Լրահոս