ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՐՁԱՆՆԵՐԻ ՍԻՐԱՀԱ՞Ր Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի կենտրոնում անհասկանալի իրադարձություններ էին կատարվում. ժամը 13:30-ից սկսած` Մոսկովյան փողոցը փակ էր, իսկ Աբովյան փողոցը հսկվում էր բազմաթիվ ոստիկանների կողմից: Մի խոսքով` իսկական խառնաշփոթ էր: Պարզվեց, որ այդ ամենի պատճառը  Նորվեգացի նշանավոր բեւեռախույզ, մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ֆրիտյոֆ Նանսենի արձանի բացումն էր, որին մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի մոտ կարծես թե նոր հակումներ են առաջացել. նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո նա սկսել է պարտաճանաչ կերպով մասնակցել բոլոր արձանների բացմանը: Եթե ժամանակին Ռոբերտ Քոչարյանը, մկրատը ձեռքին, շենքերի առաջ կարմիր ժապավեն էր փնտրում` կտրելու համար, ապա Սերժ Սարգսյանը Երեւանով մեկ սպիտակ պաստառ է փնտրում` այն իջեցնելու համար: Համենայնդեպս, վերջին տարիներին դժվար է հիշել Երեւանում որեւէ նոր արձանի բացման  արարողություն, որին Սերժ Սարգսյանն անձամբ ներկա չլիներ:
 Իր պաշտոնավարման մոտ չորս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի ներկայությամբ Երեւանում բացվեցին Վիլյամ Սարոյանի, Վիկտոր Համբարձումյանի, Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը նվիրված արձանները, Օգյուստ Ռոդենի քանդակը: Իսկ երեկ էլ Սերժ Սարգսյանը մասնակցում էր Ֆրիտյոֆ Նանսենի արձանի բացմանը: Եւ այնպիսի  տպավորություն է ստեղծվել, թե ՀՀ-ի առաջ ծառացած ամենակարեւոր խնդիրներից մեկը հենց այդ արձանների բացումն է, որոնք նախագահը բաց չի թողնում:
Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ու  Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ինչպես նաեւ  Հայաստանի եւ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարներն ու Ֆրիտյոֆ Նանսենի թոռնուհի Մարիտ Գրեւը, ով հույս հայտնեց, որ Հայաստան կատարած առաջին այցելությունը հայ ժողովրդի հետ իր բարեկամության հիմք կդառնա:
Նշենք, որ  առաջինը ժամանեցին Երեւանի ոստիկանապետը եւ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը (Բազազ), ապա փոխվարչապետն ու ՀՀ գլխավոր դատախազը:  Վերջինիս ականջին Ներսիկ Նազարյանն ինչ-որ բաներ էր ասում եւ անընդհատ ժպտում:
 Այնուհետեւ ժամանեցին արտաքին գործերի նախարարն ու Տարոն Մարգարյանը: Ի դեպ, Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները մեզ հորդորում էին չմոտենալ նախագահին եւ հարցեր չուղղել, անգամ ստիպում էին երդվել, որ մենք Ս.Սարգսյանին չենք մոտենալու եւ հարց չենք տալու: Ելույթներից հետո Ս.Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը, Նանսենի թոռնուհի Մարիտ Գրեւը եւ Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորենը հրավիրվեցին արձանի բուն բացմանը: Մի զավեշտ սկսվեց այն պահին, երբ ամեն կողմից քաշելով՝ չէին կարողանում արձանի վրայի շորը հանել, որքան էլ Նալբանդյանը ջանում էր, միեւնույն է,  չէր ստացվում:
Մարդիկ այս ու այն կողմից բղավում էին, թե` ա՛յս կողմից քաշեք, ա՛յն կողմից քաշեք, բայց չէր ստացվում: Մոտ 6-7 րոպե տանջվելուց հետո վերջապես հաջողվեց շորն արձանի վրայից հանել:  Մարդիկ շունչ քաշեցին ու ծափահարեցին: Այսքանով Սերժ Սարգսյանն իր գործն ավարտած համարեց եւ արագ հեռացավ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս