Այսօր՝ փետրվարի 6-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի թունելի սկզբնամասում ձնահյուսքի պատճառով ճանապարհի մի զգալի հատված փակվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Ճանապարհային դեպարտամենտ» ընկերության աշխատակիցները՝ գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ։Դեպքի մասին տեղեկանալով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով ժամանել են նաև մարզպետարանի աշխատակիցները։
Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը, ժամանակավոր դադարեցրել են տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը և ճանապարհն սպասարկող ճանշինականները բավականին օպերատիվորեն, կարճ ժամանակում հատուկ տեխնիկաների գործադրմամբ ձնահյուսքից թափված մի քանի տոննա ձյունը հեռացրել են ճանապարհից։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի թիվ 30, 32 և Տավուշի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ։Ընդհանուր առմամբ փակվել էր մոտ 100 մ երկարությամբ ճանապարհ, ձյան բարձրությունն էլ հասնում էր մոտ 2-2,5 մ։
Սկզբից նաև տեղեկություններ կային, որ հնարավոր է ձնահյուսի տակ ավտոմեքենաներ լինեն․ բարեբախտաբար տեղեկությունը հերքվեց։Արդեն երթևեկությունը նշված հատվածում շնորհիվ «Ճանապարհային դեպարտամենտ»-ի, ճանապարհն սպասարկող ճանշինի, ՊԾԳեղարքունիքի մարզի պարեկների, Սևանի և Դիլիջանի փրկարարների վերականգնվել է։