Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գործընկերները շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության լիարժեք վերականգնմամբ։
Այս մասին Ադրբեջանի նախագահական ընտրությունները դիտարկելիս լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար, կազմակերպության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը։
«Անկեղծ կլինեմ, մենք ձեր հարևաններն ենք, ԱՊՀ մեր գործընկերները նույնպես չափազանց շահագրգռված են, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը լիովին վերականգնվի և պայմաններ ստեղծվեն հետագա առաջադեմ զարգացման համար: Ակտիվորեն գործում են ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունը, այլև հարևան երկրները՝ Վրաստանը, Իրանը, Թուրքիան: Եվ մենք, անկեղծորեն ցանկանում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության լիարժեք վերականգնմանն ուղղված այս հավաքական ջանքերը պսակվեն հաջողությամբ և հնարավորինս արագ», – ավելացրեց նա: