Ահազանգ. բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող սոցիալական աջակցությունները ուշանում են. ինչ են հայտնում սոցապ նախարարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. Արցախի հայաթափումից հետո,ՀՀ Կառավարության որոշմամբ, բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվում է 40+10 հազար դրամական աջակցություն, սակայն որոշ արցախցիներ դեռ շարունակում են չստանալ անգամ հոկտեմբեր ամսվա իրենց հասանելիք աջակցությունը:

ArmLur.am-ին ահազանգում են նաև այն մասին, որ այն անձինք, ովքեր ստացել են և՛ 100 հազար միանվագ, և՛ վեցամսյա ժամկետով տրամադրվող 40+10 հազար հոկտեմբեր ամսվա դրամական աջակցությունը, նրանք էլ շարունակում են չստանալ նոյեմբեր և դեկտեմբեր ամիներին հատկացվող 40+10 հազար դրամ աջակցությունը, որը նախատեսված է բնակարանների վարձերի և կոմունալ ծախսերի համար:

ArmLur.am-ը գրություն է հղել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու աջակցությունների ուշացման պատճառը և թե երբ է կատարվելու փոխանցումը, որը նախատեսված է տան վարձերի և կոմունալ ծառայությունների վճարման համար:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ պատասխան-նամակով տեղեկացրեցին, որ ընթացքի մեջ են Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված հայրենակիցների սոցիալական աջակցությանն ուղղված 3 ծրագրերը՝ առաջնային կարիքների բավարարման համար՝ միանվագ 100 հազար դրամ միանվագ աջակցություն, կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցություն, սպառողական ծախսերի համար՝ երկամսյա 50 հազար դրամ աջակցություն:

«Բոլոր ծրագրերով վճարումները շարունակվում են: 2024թ. փետրվարի 5-ի դրությամբ վճարումները պատկերը հետևյալն է.

100 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում դրամ՝ 112 765 անձ, որից 80 535 չափահաս, 32 230՝ անչափահաս

40+10 հազար հոկտեմբեր ամսվա համար՝ 107 942 անձ

40+10 հազար ծրագրի շրջանակում նոյեմբեր ամսվա համար՝ 83 971 անձ

40+10 հազար ծրագրի շրջանակում դեկտեմբեր ամսվա համար՝ 90 069 անձ

40+10 հազար ծրագրի շրջանակում հունվար ամսվա համար՝ 95 742 անձ

50 հազար ծրագրի շրջանակում նոյեմբեր ամսվա համար՝ 77 409 անձ

50 հազար ծրագրի շրջանակում դեկտեմբեր ամսվա համար՝ 83 601 անձ»,- գրության մեջ նշել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը՝ հավելելով, որ 40+10 հազար դրամ սոցիալական ծրագրի շրջանակում հունվար ամսվա աջակցության վճարումն արդեն ընթացքում է, և հունվար ամսվա վճարման գործընթացը կամբողջացվի մինչև փետրվարի 7-ը։

Նանիկ Աղասյան




Լրահոս