Արցախի հայաթափումից հետո ՀՀ Արտաշատ համայնքում հաստատվել է շուրջ 5500 բռնի տեղահանված արցախցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի սեպտեմբերի 24-ից հետո Արտաշատ միավորված համայնքում հաշվառվել է շուրջ 5500 Արցախից բռնի տեղահանված անձ: Այս մասին ArmLur.am-ին տեղեկացրեց Արտաշատ համայնքի մամուլի քարտուղար Գոհար Հովսեփյանը:

«Արտաշատի համայնքապետարանում ձևավորված հաշվառման կենտրոնում իրականացվել է նրանց ընդունման, հաշվառման և համայնքի տարածքում տեղավորման գործընթացը: Վերջիններս բնակվել են վարձակալությամբ կամ անհատույց տրամադրված բնակարաններում կամ կեցության համար հարմարեցված /դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադպրոց/ թվով 10 տարածքներում: Այս պահի դրությամբ՝ համայնքում բնակվում է 4720 անձ, 1611 ընտանիք: Արդեն 2023 թ. նոյեմբերի սկզբից ժամանակավոր կեցավայրերում չեն բնակվում տեղահանված անձինք, համայնքապետարանի կողմից կազմակերպվել է նրանց տեղափոխումը վարձակալությամբ տրվող բնակարաններ»,- ասաց Գոհար Հովսեփյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ առաջին իսկ օրվանից բռնի տեղահանված արցախցիները միշտ եղել են համայնքի ուշադրության կենտրոնում: Պետություն-համայնքապետարան համաֆինանսավորմամբ՝ բռնի տեղահանված անձանց հատկացվել է պարեն և առաջին անհրաժեշտության պարագաներ: Համայնքապետարանը համագործակցում է նաև տարբեր անհատների, բարերարների հետ՝ արցախահայերին հատկացնելով դեղորայք, կենցաղային տեխնիկա, հագուստ, դրամական աջակցություն: Աջակցությունը տրամադրվում է կարիքների գնահատման արդյունքում:
«Սեպտեմբերի 25-ից սկսած՝ շուրջ 3 ամիս տևողությամբ տաք սնունդ է հատկացվել օրական շուրջ 3000-ական անձի:
Աջակցության ծրագրերը շարունակական են և գտնվում են համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների կողմից պարբերաբար իրականացվում են կարիքի գնահատման աշխատաանքներ, որոնց արդյունքում էլ մեր հայրենակիցներին տրամադրվում է անհրաժեշտ աջակցություն»,- ասաց Գ.Հովսեփյանը:

Համայնքը նաև մեծ ուշադրություն է դարձրել երեխաների հոգեբանական աջակցությանը և զբաղվածության ծրագրերին: Արցախցի երեխաների համար կազմակերպվում են ժամանցային խաղեր, պարապմունքներ, ինչպես նաև հոգեբանի աջակցություն:

«Տարեմուտին արցախցի ավելի քան 900 երեխաների համար Արտաշատում տոնական միջոցառումներ են կազմակերպվել։ Արտաշատի քույր քաղաք Քլամարի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ՝ Արտաշատում հաշվառված և մայրանալ պատրաստվող 15 կանանց հատկացվել է դրամական աջակցություն: Պետական աջակցությամբ կենցաղային տեխնիկա է տրամադրվել համայնքում հաշվառված՝ Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի զոհերի և բազմազավակ ու խիստ անապահով 30 ընտանիքի: Բարերարների հետ համագործակցությամբ՝ դրամական աջակցություն է հատկացվել Արտաշատում հանգրվանած 4՝ գերեվարված 1, անհետ կորած 1 և պայթյունի հետևանքով զոհված 2 մեր հայրենակիցների ընտանիքներին, որոնք անչափահաս երեխաներ ունեն»,-ասաց Գ.Հովսեփյանը։

Անդրադառնալով բռնի տեղահանված արցախցիների զբաղվածությանը՝ Գոհար Հովսեփյանը նշեց, որ համայնքապետարանում հավաքագրվել է առկա թափուր աշխատատեղերը, որպեսզի ավելի արագ կարողանան ուղղորդել աշխատանք փնտրող անձանց: Նա նաև նշեց, որ համայնքապետարանում և համայնքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններում արդեն աշխատանքի են տեղավորվել 18 արցախցիներ: Մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ աշխատանքի են տեղավորվել 30 բռնի տեղահանված արցախցի:

Նանիկ Աղասյան




Լրահոս