Մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, նախկին և ներկա քաղաքական գործիչներ և պարզապես հայ հասարակություն. Երևանի Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության տանը հրաժեշտ են տալիս ազգագրական պարերի մեկնաբան, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանին:
Նրան հողին կհանձնեն Կարնո տարազով, «Չալմը դանգիի» դաշույնները ձեռքերին, եռագույնով պատված: Դուստրը՝ Ծովինարը, խնդրել էր ծաղկեպսակներ չբերել և փոխարենը հանգանակություն անել՝ հանուն հայրենիքի շենացման:
2020 թվականի արցախյան պատերազմի օրերին նույն կերպ էր վարվել Գինոսյանը, երբ մահացել էր մայրը: Եղնիկներում գտնվող Գինոսյանը խնդրել են ծաղկեպսակների փոխարեն դրամահավաք կազմակերպել՝ պատերազմում վիրավորվող զինվորների ապաքինման ծախսերի համար և նշել, որ չզանգահարեն՝ նա անհասանելի է լինելու: Մոր հոգեհանգստին և թաղմանը ներկա լինել չէր կարողացել, քանի որ Արցախն իր ու բոլորի կարիքն ուներ և այդպես էլ չկարողացավ այցելել հայրենի Ախալցխայում հուղարկավորված մոր գերեզմանին. հարևան պետության իշխանությունն արգելել էր նրա մուտքը երկիր:
Նա ապրեց հայկական պարով և ապրեցրեց սերունդներ, սովորեցրեց, որ ավելի լավը քան հայկականն է՝ չկա: Նրա շնորհիվ հայ իրականության մեջ տոնակատարություններն ու ուրախությունները հայկական ոգի առան և հայ երիտասարդներն իրենց հարսանիքներին սկսեցին «հայերեն պարել»:
«Ամենայն հայոց պարապետին», ինչպես նրան վերջին օրերին անվանեց հանրությունը, կհուղարկավորեն Եռաբլուրում:
Հուրի Բաղդասարյան