«Մենք ենք մեր սարերը», «Աշնան արև», «Տերը». ինչ ժառանգություն է թողել Հրանտ Մաթևոսյանը․ նա կդառնար 89 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռիի բնապատկերները լավագույնս ներկայացնող, բնությանն ու մարդկային հույզերին թղթի վրա կյանք տվող արձակագիր և կինոսցենարիս Հրանտ Մաթևոսյանը կդառնար 89 տարեկան:

Ահնիձորում ծնված տղան 24 տարեկանում պիտի ներկայացներ իր առաջին «Տափաստանում» ակնարկը և 29 տարեկանում պիտի դառնար ԽՍՀՄ գրողների միության անդամ: Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով. անգլերեն, ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն, չեխերեն, գերմանրեն, ֆրանսերեն և այլն:

Վիպակների, պատմվածքների, նովելների և պիեսների հեղինակ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականի դեկտեմբերի 19-ին՝ 67 գարունների ընթացքում թողնելով 4 ժողովածու, 3 հոդված, 9 կինոսցենար և պիես, արժանանալով 3 մրցանակի, այդ թվում` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ պարգևի:

Գրողի տարեդարձի առթիվ ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Հրանտ Մաթևոսյանի սցենարով նկարահանված 3 ֆիլմ.

«Մենք ենք մեր սարերը»

Հենրիկ Մալյանի ֆիլմը, որի հիմքում Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործությունն է, էկրաններ է բարձրացել 1969 թվականին: Այն իրավացիորեն ներկայացնում է հայ գյուղացուն և հայ իրականությունը: Գլխավոր կերպարներին մարմնավորել են այնպիսի անվանի դերասաններ, ինչպիսիք են Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Ազատ Շերենցը, Արտավազդ Փելեշյանը և այլոք:
Ֆիլմի երաժշտության հեղինակը մաեստրո Տիգրան Մանսուրյանն է:

«Աշնան արև»

Բարդ բնավորություն ունեցող գյուղացի կնոջ ճակատագրի, կյանքի պարտադրած դժվարությունների հաղթահարման, միջավայրի, ընտանիքի ու զավակների հետ ունեցած նրա դժվար հարաբերություների մասին պատմող ֆիլմը թողարկվել է 1977 թվականին: Ֆիլմի ռեժիսորներն են Բագրատ Հովհաննիսյանն ու Հակոբ Իսկուդարյանը: Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Անահիտ Ղուկասյանը:

«Աշնան արև»-ի երաժշտության հեղինակը նույնպես Տիգրան Մանսուրյանն է:

«Տերը»

Համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմը, որը էկրաններ է բարձրացել 1983 թվականին, պատմում է անտառապահ Ռոստոմի և անտառի պահպանման համար իր պայքարի մասին:
Բագրատ Հովհաննիսյանի ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորել է Խորեն Աբրահամյանը, խաղացել են Գալյա Նովենցը, Անահիտ Ղուկասյանը, Կարեն Ջանիբեկյանը: Ֆիլմի կոմպոզիտորը կրկին մաեստրո Մանսուրյանն է:

Ֆիլմը նկարահանվել է Հրանտ Մաթևոսյանի ծննդավայր Ահնիձորում:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս