Ծմակուտը Երևան այդպես էլ «չտեղափոխվեց»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չանվանակոչված Հրանտ Մաթևոսյան փողոցն էր լինելու երևանյան Ծմակուտի հասցեն՝ «Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնի» հարակից այգին, որ ըստ նախագծված էսքիզների՝ փոքրիկ Մոտկոր էր դառնալու՝ չորուցամաք երևանցիներիս կյանքում մի պտղունց Լոռի ավելացնելով։ «Լուրտը», «Ծմակուտը», «Անտառամեջն» ու մաթևոսյանական այլ տեղանուններ փոքրիկ հատվածով ներկայացված էին լինելու Աբովյանի փողոցի սկզբնամասի հարակից այգում։ Մոտկորի տեղանքին բնորոշ նաև ծառեր էին աճեցվելու։ Անգամ՝ Սանահինի՝ Նենե թագուհու հայտնի կամրջի կրկնօրինակը կարող էր վեր խոյանալ այդպես էլ չանվանակոչված Մաթևոսյան փողոցով ու միանար դեպի Զեյթուն բարձրացող այգուն․ այդպես Ծմակուտի պատկերն առավել ամբողջական կլիներ։

Համաշխարհային մեծության գրողին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է մեջբերել, նրա իշխանությունը, սակայն, նույնպես հանձն չառավ անկենդան այս շենքին շունչ ու հոգի տալ, ավարտուն տեսքի բերել «Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնն» ու այն իրական արվեստանոց դարձնել թե՛ ստեղծագործողների, թե՛ դաստիարակվող սերնդի համար։
Միս ու արյուն չստացած մշակութային կենտրոնի մասին պետական մակարդակով վերջին անգամ երկու տարի առաջ խորհրդարանում է հիշատակվել։ Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ Այն ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում էր, թե կառավարությունը գումար կհատկացնի, որպեսզի վերջապես սկիզբ դրվի շենքի երրորդ հարկի կառուցման աշխատանքներին։ Հրագասեր իշխանավորների խոստումները, սակայն, օդում կախված մնացին։

Նմանատիպ հարց ու պատասխան, վստահաբար, էլի կլսենք, իշխանավորները «զիլ» երևալու համար Մաթևոսյանի տողերը պատեհ-անպատեհ առիթներով շատ կմեջբերեն, բայց դրանից համաշխարհային մեծության գրողի անկյունը շահագործման չի հանձնվի: Թե ով է մեղավոր այս ամենում, որ պաշտոնյան որտեղ է թերացել ու թերանում, պետական որ կառույցներն ինչու են խնդիրը մեկը մյուսի վրա գցում, մեզ ամենևին չի հետաքրքրում: Խայտառակություն է՝ Մաթևոսյանի 85-ամյակին (իհարկե մինչև օրս) անգամ նրա թանգարանը չէր գործում, նրա շունչը քաղաքը չի զգում: Մեղավոր են թե՛ նախկինները, թե՛ ներկաները, թե՛ բոլորս, որ պատկան մարմիններին չենք բռնում ու թափ տալիս, որ «մարդ ու անասուն իրարից հիշողությամբ են ջոկվում», հիշողությունը մի՛ կորցրեք :

Սևակ Վարդումյան




Լրահոս