Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամռանը հանրապետության զինված ուժերը (ԶՈւ) նախատեսում են ուժեղացնել իրենց դիրքերն ու հենակետերը Հյուսիսային Իրաքում` իր բնորոշմամբ` հակաահաբեկչական գործողության տարածքում, ինչը կբարձրացնի դրանց արդյունավետությունը։ Այս մասին նա ասել է Անկարայում նախարարների կաբինետի նիստից հետո։
«Ամռան ամիսներին մենք հիմնականում կավարտենք մեր դիրքերի ամրապնդումը «Ճանկեր» գործողության տարածքում: Այսպիսով, մենք կկարողանանք շատ ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել ահաբեկիչների դեմ»,- ասել է նախագահը:
«Ճանկ» օպերացիան թուրքական ԶՈւ-ի կողմից իրականացվում է Հյուսիսային Իրաքի մի շարք շրջաններում 2019 թվականից։ Նրա թիրախը Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունն ու նրա հարակից կազմակերպություններն են։
«Թուրքիան կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա ահաբեկչական պետության ստեղծումն իր հարավային սահմաններում: Մենք կշարունակենք ոչնչացնել ահաբեկչական կազմակերպությունների անդամներին, որտեղ էլ որ նրանք լինեն, և մենք կոչնչացնենք նրանց ենթակառուցվածքները», – ասել է Էրդողանը:
Միաժամանակ, նախագահն ընդգծել է, որ «Թուրքիան, անշուշտ, հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը»։ Նա նաև «իրավացիորեն ակնկալում է իրաքցի եղբայրներից, որ նրանք թույլ չեն տա, որ իրենց հողերը` որպես հենակետ, օգտագործվեն Անկարայի դեմ գործող ահաբեկիչների համար»։