Ռուսաստանը Արցախի հետ կապված իր ծրագրե՞րն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ-ն այսօր, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության,  պաշտոնապես ընդունեց Ղրիմի հանրաքվեի արդյունքները ՝  ԼՂՀ ԱԳՆ-ի համապատասխան հայտարարությունը տարածելով:  Այսինքն, Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշումը և Ռուսաստանի հետ իրենց երկրի ապագան կապելը նույնիսկ ավելի ընդգծված է դառնում, քան Հայաստանի իշխանությունների դեպքում: Նաև մտավախություն է առաջանում, որ օրեր առաջ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունն այն մասին, որ Ղրիմի հարցի լուծումը կարող է լավ նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար, պատահական չէր, հնարավոր է ՝  նաև միակողմանի չէր և համաձայնեցված էր մյուս կողմի հետ:

Եթե հիշենք նաև Զորի Բալայանի ՝  2013թ. հոկտեմբերին ուղարկած նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ նա փաստացի կոչ է անում ՌԴ իշխանություններին ՝  վերցնել իրենց վրա նախաձեռնությունը և Արցախը դարձնել Ռուսաստանի մաս, ապա կրկին կարելի է գալ այն համոզմունքին, որ քաղաքականության մեջ պատահականությունների նման շարան չի լինում: Զորի Բալայանը ինքն իր նախաձեռնությամբ դժվար թե միանգամից հայտնվեր և նման նամակ գրեր, նաև Ժիրինովսկու հայտարարությունը չէր կարող չարտահայտել Ռուսաստանի դիրքորոշումը:

Ասել է, թե Ռուսաստանը Արցախի հետ կապված իր ծրագրերն ունի, ինչը արդեն գրեթե ակնհայտ է դառնում, և նկատի ունենալով ռուսական կայսրության մեծ ախորժակը, միանգամայն հավանական է: Այլ հարց է, որ Ռուսաստանի իշխանությունները Ղարաբաղի հարցում իրենց հաշվարկներում կարող են սխալված լինել, քանի որ նման դեպքում նախևառաջ պետք է հաշվի առնվի ամենակարևոր գործոնը ՝  տեղի ժողովրդի կամքը: Իսկ ԼՂՀ-ում, ի տարբերություն Ղրիմի, բնակչության 60%-ն էթնիկ ռուսներ չեն, հետևաբար ենթադրյալ հանրաքվեի անցկացման դեպքում նույնիսկ արդյունքները մեծ մասշտաբներով կեղծելով ՝  հնարավոր չի լինի ստանալ ռուսական կողմի համար ցանկալի թվերը:

Հետաքրքիր է Հայաստանի Հանրապետության ՝  առայժմ պահպանվող լռությունը Ղրիմի հարցում, չնայած դա էլ կարող է իր բացատրությունն ունենալ. հաշվի առնելով Սերժ Սարգսյանի շախմատային քաղաքականությունը ՝  կարելի է ենթադրել, որ հայկական կողմը դեռևս սպասում է և հետևում դեպքերի հետագա զարգացմանը ՝  ավելի ճիշտ կողմնորոշվելու համար:

Կարեն Վարդանյան




Լրահոս