«Հնչակյանների ամբողջ թիմն իմ կողքին է». Լ.Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրը  գրանցել է Վերակազմյալ  Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որի ատենապետն է ընտրվել Լյուդմիլա Սարգսյանը: Թե ի՞նչ խնդիրներ է դրել իր առջև կուսակցությունը և քանի՞ անդամ ունի այս պահին, պարզեց armlur.am լրատվականի թղթակիցը  կուսակցության ատենապետից:

Լյուդմիլա Սարգսյանի խոսքով `   կուսակցության անդամների քանակն ավելի  քան բավարար է. «Մենք ունեինք մարզային վեց կառույցներ, որոնք  բոլորն էլ մեզ հետ էին: Ունեինք 113 պատվիրակներ: Կարծում եմ ` էդքանը բավարար է: Հիմնադիր համագումարի համար եթե անհրաժեշտ է 200 անդամություն, ապա մենք ունենք տասնապատիկ ավելին»:

Ինչ վերաբերում է  կուսակցության  առաջ դրած նպատակներին, ապա  այն ըստ տիկին Սարգսյանի մնում է նույնը. «Մենք հետապնդում ենք հնչակյան կուսակցության նպատակները: Մեր ծրագիրը, ինչպես կար 2007-ին, շարունակում է մնալ նույնը. Երկրում վերականգնել սահմանադրականությունը, սոցիալական արդարությունը, հույս ներշնչել ժողովրդին: Իսկ այդ ամենն անելուց առաջ անհրաժեշտ էր նախագահական ընտրություններ»:

Տիկին Սարգսյանը նաև  տեղեկացրեց, որ Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը աջակցում է այս պահին  ԱԺ ոչ 4 իշխանական ուժերի  համագործակցությանը:

-Հնարավո՞ր է սփյուռքահայերին ևս ներառել ձեր կուսակցության շարքերում:

-Մենք դեմ չենք դրան: Եթե կուզեն, թող անդամագրվեն: Չեն ցանկանա, բարի: Մեր ռեսուրսները բավարար են մեր պայքարի համար:

-Տիկին Սարգսյան, հասարակության մի մասի  մոտ գուցե հարց առաջանա ` ի՞նչ խնդիրներ է լուծելու և ինչո՞ւ կազմավորվեց Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ  Հնչակյան կուսակցությունը,  եթե կա արդեն մեկ հնչակյան կուսակցություն, որի ատենապետը վերջերս դարձավ Նարեկ Գալստյանը:

-Կարևոր  չէ ` ով է ատենապետը, կարևորը հնչակյանությունը ում մոտ է պահպանվել: Եթե հիշում եք, դեռ մի քանի ամիս առաջ ես էի կուսակցության ատենապետը, և ամբողջ թիմը  Լյուդմիլա Սարգսյանի կողքին է: Հիմնական կուսակցությունը և գաղափարների կրողը իմ ներկայացրած կուսակցությունն է:

-Տիկին Սարգսյան, կարելի՞ է արձանագրել, որ Ձեր և  ՍԴՀԿ նախկին ատենապետ Սեդրակ Աճեմյանի  պայքարն ավարտվեց ձեր պարտությամբ. Դուք ստեղծեցիք ձեր կուսակցությունը:

-Ես այլ կերպ կձևակերպեի ` պարտվում ես, երբ կորցնում ես ամեն ինչ, իսկ ես ընդամենը փաստաթուղթ եմ կորցրել, պահպանելով ամեն ինչ:

-Գուրգեն Եղիազարյանը անդամագրվե՞լ է կուսակցությանը:

-Ոչ, որքան գիտեմ առանձին գործունեություն է ծավալում: Բայց նա մեզ համար ընդունելի և լավ ընկեր է: Մեր կազմում է նրա որդին:

-Հայտնի է, որ կուսակցություն պահելը միայն կուսակցականների անդամավճարներով հնարավոր չէ: Եթե գաղտնիք չէ, որտեղի՞ց  եք  գտնելու ֆինանսական ռեսուրսներ:

Եթե դուք այդ հարցերն ուղղեք  նաև մնացած  կուսակցություններին և հստակ պատասխան տան ձեզ նոր կզանգահարեք ինձ (ծիծաղում է-խմբ.):

Սոնա Դավթյան

 

 

 




Լրահոս