«Իմ երեխայի բաժին հացին են ուզում կպնեն, չեմ լռելու». գերեզմանատան վարպետները բողոքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին ահազանգում են այն մասին, որ գերեզմանատների աշխատակիցներին հանձնարարել են օրվա ընթացքում երկու ժամ աշխատել, ինչը բողոքելու առիթ է տվել գերեզմանատան վարպետներին:

«Արդեն քանի օր է, ինչ մեր աշխատանքին խանգարում են: Ինչպե՞ս կարող ենք գերեզմանատան աշխատանքը կատարել 2 ժամվա ընթացքում: Մի քանի օր առաջ մեր աշխատակցին են մոտեցել և ասել, որ աշխատանքային ժամը ավարտվել է, պետք է գործիքներն ու ավազը հավաքի ու գնա: Պատկերացնո՞ւմ եք: Վրդոհված դիմել ենք Թաղման բյուրո՝ աջակցություն ակնկալելով, սակայն այնտեղից էլ պատասխանել են, որ հրամանը վերևից է: Ես անձամբ զանգահարել եմ Քաղաքապետարանի թեժ գիծ, այնտեղից տեղեկացրեցին, որ որոշում կա, որ պիտի 2 ժամ աշխատեն գերեզմանատներում, ժամը 09:00-ից մինչև 11:00-ն, սակայն դեռ որոշումն ընդունված չէ: Հիմա եթե որոշումն դեռ ընդունված չէ, ի՞նչ հիմունքով են խանգարում մեր աշխատանքին»,- ArmLur.am-ին վրդոհված իր բողոքն է ներկայացնում վարպետ Գարիկը:

Գերեզմանատան աշխատակիցը նաև նշեց, որ Երևանի վարպետներով հավաքվելու են դիմում-բողոք են ներկայացնելու Երևանի քաղաքապետարան և պատասխան պահանջելու: Վարպետ Գարիկը նաև նշեց, որ իրենց բողոքը պատրաստվում են ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանին:

«Երկար տարիներ աշխատել եմ այս գործում, այսպիսի բան չեմ տեսել: Մեզ ասում են երկու ժամ աշխատեք՝ առանց գիտակցելու, որ երկու ժամը գերեզմանատան աշխատանքի համար ժամանակ չի: Ես իմ կոտրած ձեռքով եմ դրանց ընտրել, ինձ կոտորելով ինչ պայքար ասեց, որ չարեցի սրանց համար, հիմա, որ իմ օրվա չարչարանքով աշխատած հացին, իմ երեխայի բաժին հացին են ուզում կպնեն, չեմ լռելու»,- ասաց վարպետ Գարիկը և հավելեց, որ պատրաստվում են առաջիկայում մի խումբ վարպետներով իրենց բողոքի ակցիան կազմակերպել:

Նանիկ Աղասյան




Լրահոս